Пн. Май 27th, 2024

58-ամյա Կարինե Բարսեղյանը ծնվել եւ իր ողջ կյանքն ապրել է Ստեփանակերտում։ Ընտանիքը կորցրել է արցախյան պատերազմների ընթացքում եւ մնացել միայնակ։

«Երբ սեպտեմբերի 19-ին սկսվեց պատերազմը, իջանք նկուղ եւ մնացինք այնտեղ մինչեւ, որ 21-ին հայտարարեցին Արցախը դատարկելու մասին։ Հարեւանուհիս առաջարկեց իրենց մեքենայով դուրս գալ, եւ ես համաձայնվեցի։ Ստեփանակերտում ինձ բոլորը ճանաչում են որպես ժողովրդասեր մարդու եւ համոզված էի, որ ծանոթներս ինձ անօգնական չեն թողնի։ Սեպտեմբերի 25-ին հարեւանուհուս ամուսինը գնաց Հայկազովի զորամաս, վառելիք ստանալու, բայց պայթյունի հետեւանքով մահացավ։ Հաջորդ օրը հարեւանուհուս աղջիկ զանգեց ու ասաց, որ հայրը մահացել է։ Օրեր անց հարեւաններիս հետ ընդհանուր տրանսպորտով շարժվեցինք դեպի Գորիս»,- Armlur.am-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Կարինե Բարսեղյանը։

Հայաստան տեղափոխվելուց հետո տիկին Կարինեին Վանաձորի հյուրանիցներից մեկում սենյակ են տրամադրել՝ ապրելու։ Մեր զրուցակիցն ասում է, որ հյուրանոցի տնօրենը սենյակն անվճար էր տրամադրել իրեն, սակայն տիկին Կարինեն իրեն վատ էր զգում՝ երկար այնտեղ ապրելուց։ Ասում է՝ չեմ ուզում մարդկանց իմ վիճակով նեղություն տալ։ Մտքին եկավ գնալ Աբովյան քաղաք, ասել էին այնտեղ եւ տների վարձն է ցածր, եւ տարիքին համապատասխան աշխատանք գտնելը հեշտ կլինի։ Գնաց, բայց ո՛չ տուն գտավ, ո՛չ էլ աշխատանք։ Հետո էլ փորձեց Երեւանում մինիմալ պայմաններով տուն գտնել՝ չգտավ։

«Քոռ ու փոշման վերադարձել եմ Վանաձոր։ Այստեղ բավականին ցուրտ է, իսկ ես առողջական տարբեր խնդիրներ ունեմ, որոնք ցրտից ավելի են բարդանում։ Որտեղ որ հիմա ապրում եմ ընդհանրապես տան պայմաններ չեն. գազ, տաք ջուր չկա, տունը խոնավ է, տաքացուցիչ միացնում եմ տան օդն էլ չի փոխում։ Ուզում եմ խնդրել բոլորին մինիմալ պայմաններով, մի քիչ մատչելի գնով վարձով տուն տրամադրել, որպեսզի կարողանամ եւ տան վարձ տալ, եւ մարդու նեղություն չտալ։ Ես մարդկանց շատ եմ օգնել, կարծում եմ ինձ էլ օգնող կգտնվի»,- ասում է մեր զրուցակիցը։

Կարինե Բարսեղյանին օգնող ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարին +374 96 702473։

Նյութի աղբյուր