Пн. Май 27th, 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քրեակատարողական ծառայությունը հերթական անգամ չկարողացավ ազատվել ծառայության պաշտոնյաներից մեկից։ Այդ պաշտոնյան Վարդգես Ծաղիկյանն է: Վերջինս ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալի պաշտոնին նշանակվել է 2018 թվականի հունիսի 15-ին՝ հեղափոխությունից հետո։ Դրանից հետո համակարգի ոչ մի պետ չի կարողանում ազատվել նրանից, քանի որ նա Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան է, հետեւաբար արտոնյալ կարգավիճակում է գտնվում մյուս գործընկերների նկատմամբ։

Ըստ 2022 թվականի հայտարարագրի՝ Ծաղիկյանը «Ն ԵՎ Ս ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ից բնակարան է գնել Երեւանում 24 մլն 176 հազար ՀՀ դրամ արժողությամբ, որը նույն թվականի սեպտեմբերին օտարվել է 24 մլն դրամով Արտյոմ Ադիխանյանին։ Տվյալ տարվա սկզբում առկա է եղել մեկ Nissan մակնիշի մեքենա, որը տարվա ընթացքում օտարվել է եւ, որպես նվիրատվություն, հանձնվել է Մկրտիչ Խաչատրյանին, իսկ Մկրտիչ Խաչատրյանի MERCEDES-BENZ մակնիշի մեքենան նվիրատվություն է արվել Ծաղիկյանին։ Բանկային հաշիվների մնացորդները կազմում են 156 հազար դրամ եւ 16 հազար ԱՄՆ դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմում են 6 մլն 700 հազար դրամ եւ 18 հազար 300 ԱՄՆ դոլար։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 30 մլն 030 հազար դրամ, որից 8 մլն 330 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ քրեակատարողական ծառայությունից, իսկ 21 մլն 700 հազար դրամը վարկ է «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ-ից։ Ծաղիկյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21 մլն 700 հազար դրամ, որը նորակառույց բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուր