Пт. Июн 14th, 2024

Երակների վարիկոզ լայնացում. ախտորոշում և բուժում…լսեք բշժկին
Կարդացեք մեկնաբանություններում 👇👇

Անոթային հիվանդություններից ամենատարածվածը վարիկոզն է, որը ենթամաշկային երակների ախտաբանական լայնացում է։ Խանգարվում է փականների աշխատանքը՝ առաջացնելով քրոնիկական երակային անբավարարություն։ Ավելի հաճախ լայնանում են ստորին վերջույթների անոթները, ձևավորվում են ցանցեր։

Տարբերակվում է հիվանդության 6 փուլ։ Առաջին երկու փուլերում պացիենտները շատ հաճախ չեն էլ նկատում կամ էլ անուշադրության են մատնում ախտանիշները։ Ավելի ուշ ոտքերը սկսում են այտուցվել, իսկ բարդացած վիճակում երակները շատ ցայտուն երևում են մաշկի տակ, փոխվում է անգամ մաշկի գույնը։

«Հիմնական ախտանիշներից են հոգնածության զգացողությունը, ցավեր օրվա վերջում, այտուցներ։ Եվ շատ ժամանակ պացիենտներն ուշադրություն չեն դարձնում` կապելով օրվա, առօրյա կյանքի, հոգնածության հետ, բայց խորը մասնագիտական քննության, դուպլեքս հետազոտության ընթացքում տեսնում ենք, որ ունենք փականային անբավարարություն և սկսվող երակային խնդիրներ», – ասում է «Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գարիկ Սարգսյանը։

Ըստ վիճակագրության՝ կանանց մոտ 3 անգամ ավելի շատ է հանդիպում երակների վարիկոզ լայնացումը, քան տղամարդկանց։ Շատ հաճախ հիվանդությունն առաջանում է հղիության ընթացքում։ Վարիկոզի զարգացման ռիսկի գործոններից են նաև նստակյաց ապրելակերպը, երկարատև կանգնած աշխատանքը, սպորտով չզբաղվելը, ժառանգականությունը։

Անոթների վարիկոզ լայնացումը զուտ էսթետիկական խնդիր չէ, այն կարող է առաջացնել լուրջ բարդություններ՝ թրոմբոզ, տրոֆիկ խոցեր։ Հիվանդությունն ունի արտահայտված կլինիկական պատկեր, սակայն ախտորոշման ոսկե ստանդարտը դուպլեքս հետազոտությունն է։

«Խորհուրդ է տրվում գոնե տարին մեկ անգամ անցնելանոթների դուպլեքս սկանավորում, որպեսզի հայտնաբերենք ավելի վաղ փուլերում երակային խնդիրները», – նշում է բժիշկը։

Ժամանակակից սարքավորումներով հագեցած Նաիրի ԲԿ-ում իրականացվում են վարիկոզի բուժման և դեղորայքային, և վիրաբուժական տարբերակներ։ Կիրառվում են ժամանակակից ոչ ինվազիվ մեթոդներ, ինչպիսիք են լազերային բուժումը, ռադիոհաճախային աբլացիան, սկլերոթերապիան` երբ անոթների մեջ հատուկ լուծույթ է ներարկվում, ինչպես նաև մինիֆլեբէկտոմիան, երբ լայնացած երակները հեռացվում են փոքր կտրվածքների միջոցով։

«Ավելի վաղ փուլերում, երբ որ ունենք ռեդիկուլյար վարիկոզ, դա աստղիկներն են երևացող, հնարավոր է կատարել կոմպրեսիոն սկլերոթերապիա՝ շատ բարձր էսթետիկական արդյունքով։ Շատ ժամանակ շփոթում են պացիենտները, ասում են` դա կոսմետիկ միջոցառում է, թե բժշկական։ Միանշանակ կարող եմ ասել՝ բժշկական միջամտություն է, որը կանխարգելում է ռեդիկուլյար վարիկոզի շատացումը, բայց բարձր էսթետիկական տեսքով։ Այսինքն, սրսկումների միջոցով հնարավոր է վերացնել այդ անոթային ցանցերը», – ասում է Գարիկ Սարգսյանը։

Բարդացած փուլերում անխուսափելի է դառնում բաց վիրահատությունը։ Սակայն այս դեպքում ևս, էսթետիկական լավ տեսք ունենալու համար, «Նարիրի» ԲԿ-ում համակցվում են ավանդական ու նորագույն մեթոդները։

«Նաիրի բուժկենտրոնում մեն ունենք ամենաժամանակակից սարքավորումները և կապված դիագնոստիկայի, և բուժման հետ: Մենք օգտագործում են բոլոր այն արսենալը, որ մեր ձեռքի տակ կա: Սովորաբար անում ենք և լազերային միջամտություն, և տրադիցիոն միջամտություններից որոշակի էտապներ: Այսինքն, կոմբինացված մեթոդով մենք ստանում ենք առավելագույն և բժշկական լավ արդյունք, և էսթետիկական բարձր տեսք», ասում է բժիշկը։

Երակների վարիկոզ լայնացումն ինքնուրույն չի բուժվում՝ անգամ ամենավաղ փուլում։ Բուժառուն որքան շուտ դիմի մասնագետին, այնքան արագ ու արդյունավետ կլուծվի խնդիրը:

Նյութի աղբյուր