Пт. Фев 23rd, 2024

Սիլվա Կապուտիկյանը Ծնվել է 1919 թվականի հունվարի 20-ին Երևանում՝ Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 14 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը՝ «Պատասխան Թումանյանին», որը 1933 թվականի դեկտեմբերին տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, ուսուցիչ, որը մահացել է 1919 թվականին՝ դստեր ծննդից ամիսներ հետո, խոլերայից։

1936-1941 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1949-1950 թվականներին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներում։ 1945 թվականին լույս է տեսել «Օրերի հետ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլ լեզուներով։ 1952 թվականին «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988 թվականին` ՀԽՍՀ Պետական մրցանակների։ Նույն թվականին ստացել է նաև իտալական «Նոսիդիե» գրական մրցանակ։ Ունի մանկական ստեղծագործությունների մոտ 40 հրատարակություն։ 1962 թվականից եղել է Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Եթովպիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Ամերիկայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իրանի, Երուսաղեմի սփյուռքահայ գաղթօջախներում և իր հիշողություններն այդ ամենի մասին ամփոփել է ուղեգրություններում, որոնցից բացառիկ են «Քարավանները դեռ քայլում են», «Խճանկար հոգու և քարտեզի գույներից», «Քարավանները հեռանում են», «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» գրքերը։ Կյանքի վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել հրապարակագրության ոլորտում` «Իմ ժամանակը», «Չեմ կարող լռել», «Վերջին զանգ»։ Եղել է ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր։

1970 թվականին արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1980 թվականին` Վրաստանի մշակույթի վաստակավոր աշխատողի, ապա` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին։ 1998 թվականին Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել է «Տարվա կին» տիտղոսը։ Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով։

Եղել է Գրողների միության նախագահության անդամ, սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության», Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։ 2009 թվականին նրա ապրած տանը բացվել է բանաստեղծուհու տուն-թանգարանը։

Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Նրա գրական ձիրքը հանդես է եկել պատանեկան տարիներից, իսկ երիտասարդական տարիներից ձևավորվել է քաղացիական ուղղվածությունը։ Նա դարձավ իսկական խորհրդային գրողի կերպար՝ կրելով այդ տարիների կուսակցական գաղափարախոսության ամբողջ պատասխանատվությունը։ Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։

Նյութի աղբյուր