Пт. Фев 23rd, 2024

Այսօր՝ օգոստոսի 27-ին,  դաժան ու ողբերգական դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր ուղի գյուղով անցնող ջրատարի մեջ ավտմեքենա է ընկել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Վեդիի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրատարում կողաշրջված Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի, այս պահին էլ հետախուզական աշխատանքներ են կատարում, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է ևս 1 հոգի եղած լինի ավտոմեքենայում:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված գյուղացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «3 երեխաները Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչներ էին։ 3-ն էլ անչափահաս տղաներ էին, 3-ն էլ սովորում էին նույն դպրոցում, և հիմա կան կասկածներ, որ բացի այդ 3 երեխաներից, 1 հոգի նույնպես եղել է այդ ավտոմեքենայում»։ Այդ տեղեկությունը մարզի ոստիկանապետի կարգադրությամբ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ճշտում են։