Пт. Фев 23rd, 2024

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պաշտոնի է նշանակվել է 2021 թվականին, մինչ այդ նա եղել է Գառնի համայնքի ղեկավարը։

Մինչ մարզպետ դառնալը նա ունեցել է երկու հողամաս համատեղ սեփականությամբ, մեկ բնակարան միանձնյա սեփականությամբ բազմաբնակելի շենքում, որը գտնվում է Նոր Նորքում և ձեռք է բերվել 2000 թվականին։ 2019 թվականին ձեռք է բերել բնակարան Արաբկիր վարչական շրջանում համատեղ սեփականությամբ։
Մարզպետ դառնալուց ամիսներ անց նա ձեռք է բերել անհատական բնակելի տուն Գառնի համայքում։ Նշված անշարժ գույքերից ոչ մեկի ձեռք բերման եղանակը նշված չէ։

Ազգային անվտանգության ծառայության նախկին օպեր-լիազորը հայտարարագրել է 6 մլն կանխիկ գումար և 11 մլն 970 հազար դրամ հաշվետու տարվա եկամուտ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Կոտայքի մարզի մարզպետարանի աշխատակազմից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 952 հազար դրամ, որից 13 մլն 195 հազարը բնակարանի հիփոթեքի գումարի մնացորդն է։

Հիշեցնենք նաև, որ Ահարոն Սահակյանը եղել է «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն և «Կալինա-Դվին» ՍՊԸ-ի տնօրեն։

Ահարոն Սահակյանի կինը՝ Ռոզա Ասատրյանը, հայտարարագրել է Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջանների բնակարանները ամուսնու հետ համատեղ սեփականությամբ։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 761 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 5 մլն դրամ։

Ռոզա Ասատրյանի տարեկան եկամուտները կազմել են 5 մլն 179 հազար դրամ։
Ըսդ այդ եկամուտների աղբյուրի տեղեկանում ենք, որ մարզպետի կինն աշխատում է վարչապետի աշխատակազմում գնումների ավագ գործակալի պաշտոնում, որտեղից էլ ստացել է 3 մլն 444 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Նա եկամուտներ ստացել է նաև Գառնու համայնքապետարանի աշխատակազմից և «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ-ից։

Էմմա Միքայելյան

Նյութի աղբյուր