Пт. Фев 23rd, 2024

Նշենք, որ հրամանն ուժի մեջ է մտնում օգոստոսի 10-ին։

Iravaban.net-ը հայտնում է, որ 2023-2024 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2024 թվականի մայիսի 24-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

2023-2024 ուսումնական տարում՝

1) Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը ներառյալ, ձմեռային՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ:

2) Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 29-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ, գարնանայինը՝ 2024 թվականի մարտի 18-ից 31-ը ներառյալ:

3) Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ և գարնանայինը՝ 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, լիազոր մարմնի՝ այդ թվում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների համար արձակուրդների ժամկետներում լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ՝ հաստատության հիմնավոր առաջարկությամբ: Լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) նախատեսվող փոփոխություններն արձակուրդն սկսվելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ գրավոր եղանակով համաձայնեցնում է Նախարարության հետ:

Հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագիրը իրականացնել հեռավար ձևով։

Նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Այս փոփոխությունները կարող է կատարել նաև Հաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու, ըստ հաստատության ենթակայության, լիազոր մարմնին 1-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնելու պայմանով:

Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում հաստատության դիմումի հիման վրա լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով նախարարությանը:

Նախարարության ենթակայության հաստատություններում արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է դաստատության նախաձեռնությամբ, նախարարության համաձայնությամբ:

Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով նախարարությանը: