Чт. Фев 29th, 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականին։ Ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանի աշխատելաոճի մեջ է մտնում իշխանության բերել նրանց, ում ինքը հեշտ կղեկավարի եւ, վարչապետ լինելուց բացի, խամաճիկի պես կպարեցնի տարբեր դերերում:

Հենց այս պատճառով էլ նախկինում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային կենտրոնի առաջատար մասնագետ Ղալումյանին Փաշինյանն ընտրեց՝ որպես մարզպետ։

Ղալումյանը նաեւ քաղաքական ուժի այն ընտրյալն է, որը եւս նախկինում բանկային համակարգի աշխատակից է եղել, ինչպես պաշտոնյաներից շատերը։

Ղալումյանը, ըստ 2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ հողամաս եւ բնակարան բազմաբնակարան շենքում, որոնք եղել են նվիրատվություններ 2008 թվականին Իջեւան քաղաքում։ Միանձնյա սեփականությամբ մի բնակարան էլ հայտարարագրել է 2001 թվականին, սակայն ձեռք բերման եղանակը հստակ նշված չէ։ Ղալումյանը 2010 թվականին Գանձաքարում գնել է արտադրական նշանակության շինություն՝ համատեղ սեփականությամբ։

2022 թվականին մարզպետը բնակարան է ձեռք բերել Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում, որն արժե 18 մլն 150 հազար դրամ. բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով «Լավ-Սար» ՍՊԸ-ից։

Իսկ նախկինում ունեցած բնակարաններից մեկը վաճառել է 13 մլն 100 հազարով Ջանիկ Խառատյանին եւ Աննա Սարիբեկյանին։

2021 թվականին նա գնել է նոր մեքենա՝ 2007 թվականի արտադրության, Mitsubishi մակնիշի։

Նրա բաժնային արժեթղթերը եւ այլ ներդրումները կազմել են 1 մլն 313 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 մլն 351 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 13 մլն 100 հազար եւ 15 հազար դոլար։ Մարզպետ Ղալումյանը տարեկան ստացել է 28 մլն 623 հազար դրամ եկամուտ, որից 12 մլն 879 հազարը աշխատանքի վարձատրություն է Տավուշի մարզի պետական կառավարման հիմնարկից, նա ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 606 հազար դրամ գումար՝ բնակարանի հիփոթեքը մարելու համար։

Նա վարկի մարմանն ուղղել է 2 մլն 163 հազար դրամ։

Հիշեցնենք նաեւ, որ իշխանության գալով՝ ՔՊ-ականները բացառում էին քավոր-սանիկ, խնամի-ծանոթ-բարեկամ կապով աշխատանքի ընդունումը: Անցան տարիներ, եւ բոլոր պաշտոններում խնամիներ են, քավոր-սանիկներ են, ինչպես Ղալումյանի դեպքում։ Հայկ Ղալումյանը, Նիկոլ Փաշինյանի հետ ունենալով քավորսանիկական կապ, դարձավ մարզպետ, իսկ եղբայրը մտավ Ազգային ժողով եւ դարձավ ՔՊ-ին պետք եկած ժամանակ պաշտպանող մունետիկ-պատգամավոր:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նյութի աղբյուր