Вт. Мар 5th, 2024

Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի
միջև:

Քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող
հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և
2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին և բոլոր հարցերը բացառապես
դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:

Նախագահ Մակրոնն ընդգծել է, որ սահմանների երկայնքով լարվածության նվազումն անհրաժեշտ է: Վարչապետ
Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ
ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

Նախագահ Մակրոնն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել տարածաշրջանում խաղաղություն և
կայունություն հաստատելու ջանքերին:

Նյութի աղբյուր