Пт. Фев 23rd, 2024

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում վրացական համարանիշներով Ford մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:Բախման հետևանքով երկաթե արգելապատնեշներից մի քանիսը կոտրվել է, մի մասն էլ հայտնվել է մեքենայի մեջ:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արման Բաղդասարյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:Տեղում տարածքը սահմանազատել են պարեկներ Գարիկ Մովսիսյանն ու Մյասնիկ Խաչատրյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:Վթարի մասին Ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ․ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Նյութի աղբյուր