Пн. Фев 26th, 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արարատի զորամասում ազատումներ են սպասվում։ Պատճառը զորամասի ժամկետային 2 զինծառայողների կողմից ինքնասպան լինելու դեպքերն են։

ArmLur.am-ը գրել էր, որ օգոստոսի 10-ին ՊՆ Արարատի զորամասի դիրքում կյանքին վերջ տված Ժորա Կարապետյանը եւ օգոստոսի 11-ին ՊՆ զորամասի մեջ կյանքին վերջ տված Գրանիկ Խնկոյանը նույն զորամասի ժամկետային զինծառայողներ են։ Նշենք, որ, ըստ նախնական վարկածի, երկու զինվորների՝ կյանքին վերջ տալու դեպքերը կապ չունեն միմյանց հետ։
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, որ օգոստոսի 11-ին զորամասի ներսում մինչ Գրանիկ Խնկոյանի ինքնասպան լինելը իրադարձություններ են ծավալված եղել։ Armlur.am-ը տիրապետում է միջադեպի ողջ մանրամասներին, սակայն առայժմ չենք հրապարակում նախաքննությանը չվնասելու համար։

Փաստենք, որ նույն զորամասի հրամանատարը, կորպուսի հրամանատարն անգործության են մատնված եւ չեն տիրապետում զորամասում տիրող իրավիճակին կամ տիրապետել են, սակայն քայլեր չեն ձեռնարկել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին էլ մահացել էր Ժորա Կարանետյանը, կա երկու ձերբակալված։ Զինվորին ծառայակիցներն էին հասցրել այն վիճակին, որ նա վերջ էր տվել կյանքին, իսկ պատճառը եղել էր դիրքում քնելը։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նյութի աղբյուր