Пн. Фев 26th, 2024

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մեկնաբանությամբ է հանդես եկել՝ կապված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ռուսական հումանիտար օգնության ուղարկման հետ։

Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը՝ այս տարվա հուլիսի 25-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից ներկայացված նախաձեռնությանը համահունչ։ Մոսկվայում, բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով, մշակվել է Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեման, հիշեցրել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Հաշվի առնելով դիրքորոշումների զգալի տարբերությունը և փոխադարձ անվստահության բարձր մակարդակը՝ այս աշխատանքը հեշտ չի եղել։ Որպես առաջին քայլ՝ ս.թ. սեպտեմբերի 12-ին «Ռուսական Կարմիր Խաչ» կազմակերպության միջոցով տարածաշրջան է հասցվել մարդասիրական օգնության խմբաքանակ։ Շուրջ 15 տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ են նվիրաբերվել օգնության կարիք ունեցող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին»,- ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։

Նա նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ, հաշվի առնելով նախկինում ձեռք բերված փոխըմբռնումը, մոտ ապագայում, Աղդամի երթուղուն զուգահեռ, կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, որից հետո երկու ուղղություններով կանոնավոր հումանիտար օգնությունը կհասնի տարածաշրջան։

«Մենք հուսով ենք, որ այս կերպ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կկայունանա և տեղի բնակչության բնականոն կյանքը կվերականգնվի։ Սա իր հերթին պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու և 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման վրա ռիթմիկ աշխատանքը վերսկսելու համար՝ կարգավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունները»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։

Նյութի աղբյուր