Пн. Фев 26th, 2024

Արցախի նախագահի ընտրություններից արդեն 5 օր է անցել, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ շնորհավորել, եւ ոչ էլ հեռախոսազրույց է ունեցել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի հետ:

Ավելին՝ վերջերս Հանրային ՀԸ եթերում հայտարարեց, թե իրադրությունն այնպիսին է, որ Արցախի նախագահին շնորհավորելու շատ բան չկա էլ.

«Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա։ Այսօր մենք նաև մեր դիրքրոշումները և մոտեցումները միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու և չհակադրելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք՝ նաև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով»,-ասաց նա:
ArmLur.am-ը վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Փաշինյանը գոնե հեռախոսազրույց ունեցել է Արցախի նախագահի հետ.

«Վարչապետն իր հարցազրույցում անդրադարձել է այդ հարցին, խնդրում եմ հիմք ընդունել, այն ինչ հրապարակային ասվել է»,-արձագանքեց վարչապետի խոսնակը:

Ուշագրավ է, որ երբ որեւէ այլ երկրում նոր ղեկավար է ընտրվում կամ ինչ-որ փոքր իրադարձություն է տեղի ունենում, հայրենի իշխանությունները շտապում են շնորհավորել, իսկ Արցախի դեպքում, չգիտես ինչու, կաշկանդվում են ու խուսափում են շնորհավորանք հղելուց:

Քրիստինա Մուշեղյան

Նյութի աղբյուր