Пт. Фев 23rd, 2024

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի առաջին տարելիցի առթիվ:

«Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրենց ծավալներով աննախադեպ ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ օկուպացնելով շուրջ 150 կմ քառ տարածք։ Ադրբեջանական այս ագրեսիային նախորդել էին 2021թ. մայիս և նոյեմբեր ամիսներին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումն ու օկուպացիան։

Ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվել են բնակավայրերի, քաղաքացիական և բնապահպանական ենթակառուցվածքների թիրախավորմամբ, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու սարքերի կիրառմամբ։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց մարմինների խոշտանգումները, որոնց աղաղակող տեսաձայնագրություններն առկա են, և որոնք քննադատվել են միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, հանդիսանում են ռազմական հանցագործություններ և պետք է արժանան նաև միջազգային հստակ իրավական քննության և համընդհանուր գնահատականի։

Առաջնորդվելով անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է վտանգել խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում. այս օրերին սոցիալական ցանցերում տարածվում են բազմաթիվ տեսանյութեր, որոնք վկայում են, որ Ադրբեջանը զորք և խոշոր տրամաչափի զինտեխնիկա է կուտակում ինչպես ՀՀ հետ պետական սահմանի, այնպես էլ ԼՂ հետ շփման գծի երկայնքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու մերձակայքում։

Զգալիորեն ավելացել են Ադրբեջանի կողմից ՀՀ զինված ուժերի դիրքերի թիրախավորման և ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում այն գործընկերների հայտարարությունները և գործողությունները, որոնք մեկ տարի առաջ հստակորեն արձանագրեցին ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստը և Ադրբեջանի կողմից ուժի կիրառման անթույլատրելիությունը՝ նաև որպես հետագայում նման գործելաոճի կանխման հստակ ուղերձ:

Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։ Միևնույն ժամանակ, շարունակելով շահագրգիռ լինել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմամբ՝ ՀՀ-ը վերահաստատում է իր առաջարկն` իրականացնել զորքերի հայելային հետքաշում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից՝ հիմք ընդունելով 1975թ. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները։

Ակնկալում ենք, որ տարածաշրջանում խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգռված դերակատարները, այդ հարցում մանդատ ունեցող կառույցները կձեռնարկեն բոլոր ջանքերը և կկիրառեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր մեխանիզմները՝ կանխելու մեր տարածաշրջանում հերթական ապակայունացման, ուժի անօրինական կիրառման փորձերը»,- ասված է հայտարարության մեջ:

Նյութի աղբյուր