Вс. Апр 21st, 2024

«Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մասնակիցները սեպտեմբերի 16-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ինչպես տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, հյուրերին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանը:

Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

Զորավարժության մասնակիցները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին զորավարժության մասնակիցներին տրվել են Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Նյութի աղբյուր