Сб. Апр 13th, 2024

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայկ Մարությանը համաձայն է միավորվել «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցության հետ՝ միայն մեկ պայմանով, որ կոալիցիոն կամ այլ բնույթի փաստաթուղթ չստորագրվի:

Մեր աղբյուրները հայտնում են, որ Հայկ Մարությանը կողմերին փոխանցել է, որ եթե իսկապես մտադիր են Նիկոլ Փաշինյանի թիմին պարտության մատնել, ապա տրմաբանական կլինի, որ բոլորը հավաքվեն եւ իրեն ընտրեն քաղաքապետ, քանի որ ամենշատ ձայնն ինքն է հավաքել: Իսկ երբ Երեւանն ազատագրված կլինի ՔՊ ճիրաններից, արդեն մնացած հարցերի շուրջ հնարավոր կլինի պայմանավորվել:

ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Անդրանիկ Թեւանյանն այս առումով ամենակառուցողկանն է տրամադրված, միայն թե Երեւանն ազատագրի Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ականներից: Իսկ ահա «Հանրային ձայն»-ը, կարծես թե, չի ցանկանում առանց փաստաթուղթ միավորվել, պնդում է, որ համաձայն է Մարությանին քաղաքապետ ընտրել՝ պայմանով, որ վերահսկողական լծակները փոխանցվեն իրենց:

Այսպիսով, հակաիշխանական միավորման տարրերն արդեն նշմարվում են, նկատվում է նաեւ, որ Հայկ Մարությանը կարծես թե քաղաքապետ կընտրվի, իսկ մնացածի շուրջ, թերեւս, պայմանավորվածության կհանգեն: Այսինքն՝ եթե ոչ գրավոր, ապա գոնե ջենթլմենական պայմանավորվածության արդյունքում ընդդիմադիրների միավորումը կկայանա:

Իսկ Նիկոլ Փաշինյանի ՔՊ վարչությունը վաղ առավոտից նիստի է. անջատել են բոլորն իրենց հեռախոսները եւ Նիկոլ Փաշինյանի հետ ելքեր են փնտրում: Քննարկում են ինչպես աշխատել ընդդիմադիր քաղաքապետի հետ, կամ ինչ մեթոդներ կիրառել, որպեսզի իշխանությունը չհանձնեն Մարությանին:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ առաջարկ է եղել նաեւ իրավական ռեպրեսիաներ սկսել ավագանու անդամների նկատմամբ եւ 2 ավագանի «գողանալ» ընդդիմադիրներից, որպեսզի Տիգրան Ավինյանին քաղաքապետ հռչակեն: Թե ինչ որոշման կհանգեն պարտված իշխանությունները, ժամանակը ցույց կտա: