Вт. Мар 5th, 2024

«Մայր Հայաստան» դաշինքը դեռ չի քննարկել կոալիցիա կազմելու հարցը։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

«Ուղղակի բանակցություններ չկան, մենք տեսել ենք հանրային հնչեցրած տեսակետներ. մեր մոտեցումը հետևյալն է՝ պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափեր այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր մոտեցումները ամբողջական իշխանափոխության ծրագրի մասով»,- հայտարարեց Թևանյանը։

Նրա խոսքով՝ բազմիցս հայտարարել է, որ հրաժարվում է ԱԺ մանդատից և չի գնում Երևանի ավագանու մանդատ ստանալու ճանապարհով․ «Ինձ համար նույնիսկ քաղաքապետ դառնալը խնդիր չէ։ Մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով»:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին աջակցելու հետ կապված, որպեսզի նա քաղաքապետ դառնա, Թևանյանն ասաց՝ կարող է օգնել նրան, որ ձայներ հավաքի, բայց պայմանով՝ եթե կիսում է իրենց մոտեցումները։

«Իշխանափոխությունը համարում ենք կարևորագույն նախապայման։ Ինչ վերաբերում է Մարությանին, եթե վերցնենք այն տոկոսները, որ իրենք հավաքել են, ապա մենք կարող ենք օգնել, որպեսզի ինքը ձայներ հավաքի, բայց դա կանենք այն դեպքում, երբ ինքը կիսում է մեր օրակարգը։ Որևէ պաշտոնի չենք հավակնում, վերահսկողական լծակ չենք ուզում։ Պատրաստ ենք այն տրամաբանությամբ, որ մեր տեսակետը կիսի, եթե լինի հստակ հայտարարություն, կշարունակենք քննարկումները։ Ինչու ենք իշխանափոխությունը կապում քաղաքապետի հետ, որովհետև մեր հասարակությունն է տվել այդ մեսսիջը։ Եթե Մարությանը ուզում է դառնալ քաղաքապետ, մենք կօգնենք»,- ասաց նա։

Ընդդիմադիրն ուժի առաջնորդը միևնույն ժամանակ նկատեց՝ Երևանի քաղաքապետը եթե չի գնում գործարքի Կառավարության հետ, նա օբյեկտիվորեն չի կարող իրականացնել իր ծրագրերը, որովհետև Երևանի բյուջեն գալիս է իշխանությունից․ «Եթե մի անգամ չեն թողել աշխատի, երկրորդ անգամ էլ չեն թողնի աշխատի։ Դրա համար պետք է փոխենք իշխանությունը»։