Сб. Июн 15th, 2024

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը, որն ավարտել է իր դիտորդական առաքելությունը Երևանի ավագանու ընտրություններում, քվեարկության գործընթացը բնութագրել է որպես «հանգիստ, խաղաղ և լավ կազմակերպված», իսկ մասնակցության ցուցանիշը որակել է որպես «պատմականորեն ցածր»։ Այս մասին նշվում է Կոնգրեսի տարածած հայտարարությունում։

«Ընդհանուր առմամբ, պատվիրակությունն արձանագրել է հանգիստ, խաղաղ և լավ կազմակերպված ընտրությունների օր՝ առանց լուրջ միջադեպերի կամ անոմալիաների», – նշված է պատվիրակության հայտարարությունում, որտեղ նաև արձանագրվել է, որ նույնականացման սարքերը և տեսախցիկներն աշխատել են անխափան՝ նվազեցնելով կեղծիքի հնարավորությունը։

9 հոգուց կազմված պատվիրակությունը՝ Կառլա Դեժոնգեի գլխավորությամբ, պատահականության սկզբունքով այցելել է 113 ընտրատեղամասեր Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում։

«Մենք ողջունում ենք այն բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքի փոփոխման արդյունքում, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ջանքերը, որոնք նպաստեցին ընտրությունների օրվա ընդհանուր թափանցիկությանն ու պրոֆեսիոնալիզմին։ Այդ փոփոխությունները ներառում էին ընտրատեղամասերի նախագահների և քարտուղարների հատուկ վերապատրաստում, և մենք խորհուրդ ենք տալիս ապագայում դրանք պարտադիր դարձնել՝ ընտրական ընթացակարգերն է՛լ ավելի ստանդարտացնելու նպատակով», – գրել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը։

ԵՄ դիտորդները, սակայն, ցավով արձանագրել են ընտրողների շրջանում հետաքրքրվածության պակասը։

«Պատվիրակությունը ափսոսանք է հայտնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ հետաքրքրության պակասի համար, հատկապես՝ երիտասարդ ընտրողների շրջանում, ինչը երևում է Երևանում երբևէ գրանցված ամենացածր մասնակցությամբ: Բացի այդ, տեղական շահերին վերաբերող հարցերը երբեմն ստվերվում էին անվտանգության մտահոգությունների պատճառով, որ հասկանալիորեն արտահայտում էին բազմաթիվ ընտրողներ և մրցակիցներ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ։ Մեզ մնում է միայն կիսել երևանցիների մտահոգությունը և կոչ անել արագ կարգավորել այս իրավիճակը», – նշված է հայտարարությունում։

Պատվիրակությունը նաև նշում է, որ ընտրարշավը «բևեռացված էր», և այն հիմնականում վարում էին քաղաքապետների թեկնածուները։ Պատվիրակությանը նաև տեղեկացրել են «վարչական ռեսուրսների ենթադրյալ չարաշահման, ինչպես նաև ԶԼՄ-ներում կողմնակալության մասին, որոնք նախապատվությունը տվել են իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուին»։

«Այդ առնչությամբ և հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով՝ մենք կարծում ենք, որ պաշտոնական քարոզարշավին նախորդող ժամանակաշրջանի վերաբերյալ լրացուցիչ երաշխիքների անհրաժեշտություն կա, այդ թվում՝ քարոզարշավի և կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված», – նշել են ԵԽ դիտորդները:

Որպես ընտրական գործընթացի կազմակերպման թերություններ՝ Կոնգրեսը նշում է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ընտրատեղամասերի հասանելիության խնդիրը, կուսակցությունների առաջատար թեկնածուների թվում կանանց պակասը՝ չնայած ցուցակներում պահանջվող 30 % քվոտայի պահպանմանը։ Բացի այդ, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը կրկնել է իր նախկին առաջարկը՝ տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններն անցկացնել նույն օրը։

Նյութի աղբյուր