Сб. Апр 20th, 2024

ՀՀ առողջապահության նախարարությունն այդպես էլ որևէ տեղեկատվություն չի տրամադրում Արցախում արդեն երկրորդ օրը շարունակվող ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհերի ու վիրավորների մասին։ Նաեւ նախարարությունը լռում է Արցախին այս հարցում օգնելու, ինչու չէ՝ վիրավորներին Հայաստան տարհանելու մասով։

Փոխարենը նախարար Անահիտ Ավանեսյանը մինչեւ երեկ աննախադեպ ակտիվ էր ՔՊ-ի կուսակցական գործերում, բայց իհարկե ֆեյսբուքյան աջակցության մակարդակով։ Նա Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրը փոխեց ֆեյսբուքյան իր պրոֆիլի նկարը, քարոզչական նկարով, հետո ակտիվ կիսվում ու տարածում էր ՔՊ հայտարարությամբ, հանրահավաքից նկար տեղադրում։ Կարճ ասած առողջապահության նախարարը որոշել էր մի քանի օրով ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել, կարծես՝ իր ղեկավարած ոլորտում ամեն ինչ ինչպես հարկն է՝ արել է։

Այս ամենին առանձնապես ուշադրություն չէինք դարձնի, եթե չլիներ Արցախի արհավիրքն ու դրա ֆոնին Ավանեսյանի անհոգությունը, կուզեք՝ շատերի կարծիքով անգործությունը։

Բայց դե ինչ ասես առողջապահության ոլորտը ղեկավարող իրավաբան նախարարի մասին, որը ձախողել է իրեն վստահված ոլորտը, բայց չնայած դրան շարունակում է պաշտոնավարել, որովհետեւ ակտիվ է հենց Նիկոլ Փաշինյանի «աչքը մտնելու» և նրա հրահանգներն արագ կատարելու, նրան անվերապահ ենթարկվելու իր բացառիկ կարողությամբ, և գնահատվում է այդ հատկանիշների համար, ոչ թե պրոֆեսիոնալիզմով։
Եվ այնուամենայնիվ, ինչ է անում ՀՀ առողջապահության նախարարությունն Արցախին օգնելու հարցում.  ոչ մեկը չգիտի, իրենք էլ լռում են։

Նյութի աղբյուր