Пн. Май 20th, 2024

Օդի աղտոտումը համաշխարհային խնդիր է, որը գնալով ավելի է սրվում: Տվյալներով, որոնք պարբերաբար թարմացվում են, կարելի է եզրակացնել, որ Չինաստանը պատասխանատու է ամբողջ աշխարհում արտանետումների 30% -ի համար, մինչդեռ ԱՄՆ-ում դա պատասխանատու է 14% -ի համար: Այսինքն ամբողջ աշխարհում օդը աղտոտվում է հիմնականում այս երկրների «թեթև ձեռքով»:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ օդի աղտոտվածությունն ամեն տարի սպանում է մոտ 7 միլիոն մարդու: Սա պայմանավորված է նրանով, որ տասը մարդուց ինը շնչում է աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող օդ։ Այլ կերպ ասած, աշխարհի բնակչության 91%-ը շնչում է այնպիսի օդ, որը չի համապատասխանում ԱՀԿ-ի չափանիշներին։
Մթնոլորտի աղտոտման հիմնական պատճառներից են գործարանների թափոնները, տրանսպորտի արտանետումները:

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում: Մեզ մոտ մթնոլորի աղտոտվածության գերակշիռ մասը ևս առնչվում է տրանսպորտային արտանետումների հետ: Հայաստանի տարբեր ավտոճանապարհներին կամ ավտոճանապարհների տարբեր հատվածներին կարելի է հանդիպել նման մեքենաների, որոնց խլացուցիչ կամ որ նույնն է глушитель կոչվածից ծխի նման հաստ քուլա է արտանետվում մթնոլորտ:

ArmLur.am-ը փորձեց ճշտել, թե ի՞նչ գործուն քայլեր է կատարում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը օդի աղտոտմանը նպաստող հանգամանքների՝ մասնավորապես մեքենաների խլացուցիչներից արտանետվող ծխի վերացման, կանխարգելման վերաբերյալ:

ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան կատարում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացրին, որ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների չափումը կարգավորվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների չափումների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 2410-Ն որոշմամբ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հանդես է եկել վերոնշյալ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությամբ, ինչը հնարավորություն կընձեռի արդի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացնել պատշաճ վերահսկողություն:

Մարիամ Ղազարյան

Նյութի աղբյուր