Чт. Фев 29th, 2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման մեկնարկը 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում և պետական ուսումնական հաստատությունների տարածքների նպատակային օգտագործման խնդիրը։

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունելի է համարել այն փաստը, որ նիստի օրակարգն այս անգամ ձևավորվել է խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա՝ ներկաներին մաղթելով արդյունավետ քննարկում:

2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում hանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման վերաբերյալ հարցը զեկուցել է խորհրդի անդամ Գայանե Մադաթյանը։ Նրա խոսքով՝ օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում հանգամանալից ներկայացվել է 2023-2024 ուստարվանից բոլոր դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի ներդրման սահուն ընթացակարգը, սակայն դպրոցները դեռևս պատրաստ չեն դրա լիարժեք ներդրմանը։ Ըստ նրա՝ չկան համապատասխան սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ՝ բնագիտական առարկաների փորձարարական մասն ապահովելու համար, և նման հնարավորություն ունեն հիմնականում մայրաքաղաքի սակավաթիվ դպրոցներ։ Գայանե Մադաթյանը նաև նշել է, որ՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների սովորողներն իրենց ուստարին սկսել են առանց դասագրքերի, որոնք դպրոց են հասել ուշացումով։

Ի պատասխան՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ լաբորատորիաներով վերազինվել են Տավուշի և Արմավիրի մարզերի ավագ դպրոցները, առաջիկայում լաբորատորիաներ կստանան Արագածոտնի դպրոցները, իսկ մինչև 2026 թվականը՝ հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունները:

«Դասագրքերի հետ կապված. բնականաբար, առաջին տարին էր, և այս ընթացքում շատ խնդիրներ բացահայտվեցին։ Դասագրքերի ստեղծման մոտեցումն այս տարի կտրականապես փոխվել է. նախկինում եթե դասագրքի ստեղծման և տպագրության ամբողջ փաթեթն է ձեռք բերվել, ապա ներկայում մենք առանձնացրել ենք այդ գործընթացները։ Մրցույթները հայտարարվել էին, սակայն դասագրքաստեղծ մեր գործընկերները պարբերաբար ահազանգում էին, որ չեն հասցնում դասագիրք գրել: Հետևաբար, մենք ստիպված եղանք 2 անգամ ժամկետները երկարաձգել: Մյուս տարվա դասագրքերի մրցույթներն արդեն իսկ հայտարարված են. փորձում ենք անել հնարավորը, որ ամռանը դասագրքերի տպագրությունն արդեն իսկ իրականացված լինի։ Ինչ վերաբերում է մեթոդական ձեռնարկներին, ուղեցույցներին, ուսումնաօժանդակ գրականությանը, ապա դասագիրքը չի փորձարկվել առանձին։ Այն իրականացվել է ամբողջ փաթեթով, և բնականաբար որևէ ուսումնական նյութ չի կարող մտնել դպրոց՝ առանց երաշխավորման»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ նոր դասագրքերը երաշխավորվել են ավելի կարճ ժամկետով. տարրականի համար 4, մյուս դասարանների համար՝ 3 տարով։ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև զեկուցողի մյուս առաջարկներին՝ տալով համապատասխան պարզաբանումներ:

Օրակարգի երկրորդ հարցը՝ պետական ուսումնական հաստատությունների տարածքների նպատակային օգտագործման վերաբերյալ, զեկուցել է խորհրդի անդամ Էռնեստ Ավանեսովը: Նրա խոսքով՝ հանդիսանալով Վ. Բրյուսովի պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ՝ այս հարցն իրեն մտահոգում է մի քանի տեսանկյունից: Ըստ Էռնեստ Ավանեսովի՝ գործող օրենքով «Ֆիզիկական կուլտուրա» առարկան պարտադիր է բոլոր ուսումնական հաստատություններում, սակայն մեծ դժվարություններ են առաջանում՝ հատկապես դահլիճային սուղ պայմանները հաշվի առնելով։ Նա նշել է, որ հատկապես քաղաքի կենտրոնում մի շարք ուսհաստատությունների նկուղային հատվածներ, որոնք կարող են օգտագործվել մարզական պարապմունքները կազմակերպելու համար, ժամանակին օտարվել կամ տրվել են երկարաժամկետ վարձակալության և ծառայում են այլ նպատակների համար:

Նա անդրադարձել է նաև դպրոցների մարզադահլիճների խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում հանրակրթության նոր չափորոշչի պայմաններին։ «Դահլիճային և գույքային պայմաններն այսօր լուրջ խնդիր են հանդիսանում հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար»,-նշել է Էռնեստ Ավանեսովը։

Ի պատասխան՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ զեկուցողի հարցերը վերաբերում են ենթակառուցվածքների առկայությանը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման և անվտանգության տեսակետից։ «Երկու մասով էլ ուսհաստատություններում ունենք տարբեր իրավիճակներ։ Այո՛, ունենք տարածքներ, հատկապես կենտրոն համայնքում, որոնք սեփականաշնորհվել են, երկարատև ժամկետներով տրվել վարձակալության, հետևաբար այդ հարցին միջամտելը բավականին խնդրահարույց է։ Իրավական կարգավորումները, բնականաբար, ուսումնասիրման կարիք ունեն, և այդ հարցերը պետական այլ գերատեսչությունների տիրույթում են գտնվում։ Ունենք շատ ավելի խորքային խնդիր․ կան դեպքեր, երբ սեփականաշնորհված տարածքներում տարբեր տեսակի գործունեություն են ծավալում, և մենք չունենք որոշակի իրավական կարգավորումներ՝ թույլ չտալու այդ գործունեությունն ուսհաստատության հարևանությամբ»,- նշել է նախարարի տեղակալը:

Սվաջյանի խոսքով՝ անհերքելի է «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դերը երեխաների ֆիզիկական զարգացման և առողջության տեսանկյունից, սակայն դպրոցներում շատ հաճախ համապատասխան ենթակառուցվածքները բավարար վիճակում չեն։ Ըստ փոխնախարարի՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ստացվել են տարբեր տվյալներ։ «Ունենք ուսհաստատություններ, որոնք բացարձակապես մարզական ենթակառուցվածք, դահլիճ, հանդիսությունների սրահ չունեն, այսինքն՝ կառուցվել են ոչ տիպային դպրոցներ։ Ունենք հաստատություններ, որոնց մարզադահլիճները վթարային են, և անհնար է դասեր անցկացնել։ Այս ամենը գույքագրվել է, և փորձում ենք լուծումներ գտնել։ Այս տարի միայն շուրջ 30 մարզադահլիճներ են կառուցվում. այն դպրոցները, որոնց մարզադահլիճները, հանդիսությունների սրահները նորմալ վիճակում չեն, դպրոցին կից տարածքում կառուցվում են հարմարավետ, ժամանակակից բոլոր պայմաններին բավարարող նոր ենթակառուցվածքներ։ Զուգահեռ՝ բոլոր նոր կառուցվող դպրոցներն ունենալու են այս բոլոր ենթակառուցվածքները։ Նոր նախագծերում չկա որևէ հաստատություն, որն առանց այս ենթակառուցվածքների է նախագծվում և կառուցվում»,- նշել է փոխնախարարը:

Նյութի աղբյուր