Сб. Апр 20th, 2024

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ևս երկու մեղադրյալների՝ հանցագործության կազմակերպիչների մասով նախաքննությունը:

Քննությամբ հիմնավորվել էր, որ Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդը, դեմքին ծծմբական թթու լցնելու եղանակով Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ, 2000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց, փորձել էր վնասել նրան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի բնակչի մասն անջատվել էր քրեական վարույթից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինս գործել է տուժողի նախկին ամուսնու և Վաղարշապատ քաղաքի 43-ամյա բնակչի կազմակերպմամբ ու պատվերով:

Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2015 թվականից լինելով ամուսնալուծված` նախկին ամուսինները տարիներ շարունակ գտնվել են անհաշտ ու անբարյացկամ հարաբերությունների մեջ, տարբեր հարցերի շուրջ պարբերաբար ունեցել են խնդիրներ և տարաձայնություններ, ինչը, ի վերջո, նախկին ամուսնու մեջ ձևավորել է վրեժխնդրության և կնոջը վնասելու անհագ ցանկություն, որն իրագործելու ուղղությամբ տղամարդը սկսել է գործուն քայլեր ձեռնարկել:

Այդ նպատակով, նյութապես շահագրգռելու եղանակով մեկ ուրիշին հանցանք կատարելուն դրդելու և այդ կերպ հանցագործության կատարումը կազմակերպելու դիտավորությամբ, կնոջ նախկին ամուսինը Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող իր ընկերոջը հայտնել է, որ ցանկանում է պատժել իր նախկին կնոջը և առաջարկել այլ անձի միջոցով կազմակերպել իր մտահղացումը:

Իր հերթին տղամարդու ընկերը, ցանկանալով օժանդակել նրան, 2022թ. հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Վաղարշապատ քաղաքում բնակվող իր մեկ այլ՝ 43-ամյա ընկերոջ հետ, որի ընթացքում նյութապես շահագրգռելու եղանակով, նշված հանցագործությունը կատարելու համար, առաջարկել է 2000 ԱՄՆ դոլար գումար:

Վերջինս, չցանկանալով ինքն անձամբ կատարել, առաջարկել է Շիրակի մարզի բնակիչ իր ծանոթին և 2000 ԱՄՆ դոլար գումար վճարելու խոստում տալու եղանակով նյութապես շահագրգռելով՝ նրան հրավիրել է Վաղարշապատ՝ վերջինիս բանկային հաշվեհամարին փոխանցելով 25.000 ՀՀ դրամ գումար՝ որպես ճանապարհածախս:

Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 43-ամյա տղամարդն իր ծանոթին ցույց է տվել տուժողի լուսանկարը, ուղեկցել է վերջինիս բնակության հասցե: Այնուհետև ավտոմեքենայի մարտկոցից ծծմբաթթու է լցրել ներարկիչի մեջ և տվել Շիրակի մարզի բնակչին, ով 2022 թ. հոկտեմբերի 5-ի երեկոյան գնացել է կնոջ տուն և ներկայանալով որպես «գազի աշխատակից»՝ մտել է ներս, սակայն տեղեկանալով, որ կինը տանը չէ, հեռացել է: Հաջորդ օրը կրկին գնացել է վերջինիս բնակարան, պահանջել ու համոզել է կնոջը, որպեսզի բացի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին, քանի որ ձերբակալվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների կողմից. անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է լուծույթով նախապես լցված ներարկիչը:

Համաձայն դատանյութագիտական փորձաքննության եզրակացության՝ ներարկիչում առկա է եղել 22 մլ ծավալի 29.27 տոկոս կոնցետրացիայով աղաթթվի ջրային լուծույթ, որը ցուցաբերում է ուտիչ ազդեցություն լորձաթաղանթի և մաշկի վրա, խիստ գրգռում է շնչուղիները և պատկանում է նյութերի վտանգավորության երրորդ դասին:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ դեպքից առաջ կատարվել են նաև տուժողին նյութական վնաս պատճառելուն ուղղված հանվացոր արարքներ:

Մասնավորապես՝ 2022թ. հունիսի 5-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, անհայտ անձը հրկիզման միջոցով դիտավորությամբ փորձել է ոչնչացնել 41-ամյա կնոջը պատկանող, առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 6.162.100 ՀՀ դրամ արժողության, «Մազդա 6 սպորտ» մակնիշի ավտոմեքենան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի։

Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. հունիսի 29-ին կնոջ նախկին ամուսինն անհայտ անձի միջոցով կոտրել է իր նախկին կնոջ կողմից շահագործվող հագուստի խանութ սրահի պատուհանի ապակին, մասամբ այրել խանութում եղած հագուստը՝ պատճառելով գույքային վնաս:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայատվել են նաև Էջմիածին քաղաքի բնակչուհու առողջությանը ծանր վնաս հացնելու կազմակերպիչ, 43-ամյա տղամարդու կողմից կատարված այլ հանցագործություններ:

Այսպես, 2022 թ. հոկտեմբերի 24-ին, ստացված տվյալներն իրացնելիս, Վաղարշապատի բաժնի ոստիկանության ծառայողները, վերջինիս, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին. անձանական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթ՝ դեղնականաչավուն զանգվածով։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված զանգվածը հանդիսացել է հերոին տեսակի թմրամիջոց:

Քննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ 2022թ. դեկտեմբերի 13-ին 43-ամյա տղամարդը մուտք է գործել Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող մթերային խանութ, բացահայտ հափշտակել մի քանի տուփ ծխախոտ և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 43-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով, 396-րդ հոդվածի 2-րդ մասով և 253-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանքը: 41-ամյա կնոջ նախկին ամուսնուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավ:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել՝ Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող անձի կողմից ընկերոջ պատվերով 41-ամյա կնոջ դեմքին ծծմբական թթու լցնելու, կնոջ առողջությանը ծանր վնաս հասցնելուն օժանդակելու և կազմակերպելու, ինչպես նաև անհայտ անձի կողմից տուժողին պատկանող «Մազդա 6 սպորտ» մակնիշի ավտոմեքենան այրելու, Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան փողոցում գործող խանութի հագուստները այրելու, 43-ամյա տղամարդուն 0.295 գրամ քաշով հերոին տեսակի թմրանյութ իրացնելու մասով նոր քրեական վարույթներ անջատելու մասին:

Նյութի աղբյուր