Вс. Апр 21st, 2024

Երևանի ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը շարունակում է պնդել, որ ինքը որևէ կապ չունի Օպերայի և բալետի թատրոնի շենքի մոտակայքում տեղադրված հսկա ատրակցիոնի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ «Երեւանի կենտրոնում՝ Օպերայի եւ բալետի թատրոնի հենց հարակից հատվածում, խաղային ատրակցիոն է տեղադրվել: Ատրակցիոնը ուժային չափիչ ֆունկցիա ունի. հարվածում ես, եւ, ըստ սանդղակի, չափում է հարվածի ուժը:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ ատրակցիոնի իրական «տերը» Երեւանի ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն է:
Վերջինս, հիշեցնենք, նախկինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել, ընդգրկված է եղել ՔՊ-ի ավագանու ցուցակում, բայց պատերազմից հետո՝ 2020թ-ին, նա լքել է կուսակցությունը. հիմա ավագանու անկախ անդամ է:

ArmLur.am-ի հետ զրույցում Սերգեյ Գյոզալյանը նշեց, որ թեև զբաղվում է ատրակցիոնների բիզնեսով, բայց կոնկրետ Օպերայի և բալետի թատրոնի շենքում տեղադրված ատրակցիոնի հետ կապ չունի, իսկ թե ո՞րտեղ են տեղադրված իրեն պատկանող ատրակցիոնները, Սերգեյ Գյոզալյանն այդպես էլ չցանկացավ բացահայտել:
ArmLur.am-ն այս առնչությամբ մի քանի հարց է ուղղել Սերգեյ Գյոզալյանին:

-Պարո՛ն Գյոզալյան, ինչու՞ պատերազմից հետո լքեցիք կուսակցությունը: Պատերա՞զմն է եղել պատճառը, թե՞ այլ տարաձայնություններ ունեիք թիմակիցների հետ:

-Պարզապես չեմ ցանկացել ինձ վրա պատասխանատվություն վերցնել այն քաղաքական որոշումների և գործունեության համար, որոնց հետ ես համաձայն չեմ: Կարծում եմ, սխալ կլիներ, որ ես մնայի կուսակցության անդամ և չկիսեի նրանց ընդունած որոշումների հետևանքները: Եթե ես դեմ եմ նրանց տեսակետներին, ո՞նց կարող էի մնալ թիմում: Դեռ պանդեմիայից հետո, երբ տեսնում էի անհամաձայնեցված հայտարարություններ, տրամաբանությունից դուրս որոշումներ, ես այդ ժամանակ արդեն որոշել էի դուրս գալ թիմից, բայց պատերազմից հետո արդեն վերջնական դիմում եմ գրել: Երբ ավագանիում մանդատ վերցնելու հերթս հասավ, ես որոշեցի, որ մանդատը պահեմ, բայց կուսակցությունից դուրս գամ, քանի որ կարծում եմ՝ իմ փորձով կարող եմ օգուտ տալ Երևանին:

-Դուք 2020թ-ից քաղաքապետարանում եք, այս երեք տարվա ընթացքում կնշե՞ք փոփոխություններ, որոնք Երևանը ավելի հարմարավետ և գրավիչ են դարձրել զբոսաշրջիկների համար:

-Ոտքի վրա չեմ կարող հիշել, միանգամից դժվարանում եմ ասել, այսպես համպատրաստից չեմ կարող պատասխանել:

-Երևանում այս պահին ամենաառաջնահերթ խնդիրներից են՝ շինաղբը, օդի փոշին, աղտոտվածությունը, ինչո՞ւ որպես ավագանու անդամ չեք բարձրաձայնում այս խնդիրները, պարտադրում, որպեսզի շուտ լուծվեն այս խնդիրները:

-Ես միակ մարդն եմ, որ բարձրաձայնել եմ այդ խնդիրների մասին, վերջին անգամ ավագանու նախավերջին նիստին եմ բարձրաձայնել, որ քաղաքը պատրաստ չէ այս ծավալի շինարարություններին՝ ո՛չ տեխնիկական առումով, այսինքն՝ չունեն բավարար տեխնիկական միջոցներ, որպեսզի չափեն օդի աղտոտվածության աստիճանը, ո՛չ էլ համապատասխան մարմինները կարող են վերահսկողություն կատարել, օրենսդրական կարգավորումները ևս թույլ են, մարդկային ռեսուրս էլ չունենք: Երևանն այս մակարդակի փոշու մեջ կորած երբեք չի եղել, սա անհետևաք չի մնում, այդ փոշին մենք ենք շնչում, մեր թոքերի մեջ է մտնում այդ վնասակար նյութը, հիմա որ սրտանոթային ու ալերգիկ հիվանդություննների այսչափ աճ ունենք, դրա հետևանքն է:

-Ասում եք, որ բարձրաձայնում եք խնդիրների մասին, իսկ ինչու՞ դրանք այդպես էլ լուծում չեն ստանում, հակառակը՝ ավելի են խորանում:

-Վերջին նիստի ժամանակ ավագանին նախագիծ ընդունեց, որ հսկողություն պետք է իրականացվի, թեև շատ թույլ որոշում էր, բայց էլի ինչ-որ լուծում էր, քանի որ անտեսել այս խնդիրն այլևս անհնար է: Երբ դու վերահսկողության մեխանիզմներ չունես ու այս ծավալի շինթույլտվություններ ես տալիս, չմտածելով մարդկանց առողջության մասին, սա խոսում է արդեն մարդկանց անպատասխաատվության մասին: Շինարարություննների ժամանակ ոչ մի նորմ չի պահպանվում. օրինակ՝ շինարարության ժամանակ կողքի շենքի բնակիչները փոշուց պետք է պաշտպանվեն, աղմուկից պետք է պաշտպանվեն, էլի լիքը նորմեր կան, որ պետք է պահպանվեն ու չեն պահպանվում, որևէ մեխանիզմ չկա, որ հսկվի այս ամենը:

-«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Օպերայի եւ բալետի թատրոնի շենքի մոտակայքում տեղադրված հսկա խաղային, կարմիր ատրակցիոնը ձեզ է պատկանում: Թեև պնդում եք, որ հիմա այն ձեզ չի պատկանում, բայց մենք ունենք փաստեր, որ դա նախկինում ձեզ է պատկանել, սակայն, երբ որոշել եք դուրս գալ կուսակցությունից, հետ են վերցրել ձեզանից ատրակցիոնը:

-Օպերայում գործող ապարատի հետ երբևէ առնչություն չունեմ, նախկինում էլ չեմ ունեցել: Ես բոքսի ապարատի հետ կապ չեմ ունեցել, եթե որևէ կապ ունենայի, առանց ամաչելու կասեի: Ես այսօրվա դրությամբ ավագանու միակ անդամն եմ, որ ընդդիմանում եմ իշխող քաղաքական ուժին, եթե անօրինական բան արած լինեի, կարգալեին, չէին թողնի: Ես անկեղծ ասեմ, որ ունեմ նման բիզնես, բայց Օպերայի մոտակայքում տեղադրվածը իմը չէ:

-Իսկ ձեզ պատկանող ատրակցիոնները որտե՞ղ են տեղադրված՞:

Որտեղ որ գտնվում է, ենթադրենք Հայաստանի մարզերից մեկում, կամ Երևանի բակերից մեկում, բայց շեշտում եմ, որ կոնկրետ Օպերայի բակում ես ոչ մի բիզնես չեմ ծավալում, այդ ապարատի հետ որևէ առնչություն չունեմ և չեմ ունեցել:

Քրիստինա Մուշեղյան

Նյութի աղբյուր