Сб. Апр 20th, 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդդիմությանը մեղադրեց «խամաճիկային կառավարություն» ստեղծելու մեջ:

«Ում, ում, բայց ձեր խմբակցությանը «խամաճիկային կառավարություն» արտահայտությունը շատ ծանոթ է, որովհետև դուք երկար տարիներ Հայաստանում ձևավորել եք խամաճիկային կառավարություն, որն ինքնուրույն ո՛չ շնչել է, ո՛չ արտաշնչել, ո՛չ հազացել է, ո՛չ էլ փռշտացել», — ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե ընդդիմությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հարվածի տակ է դրել:

«Դուք եք նրանց հարվածի տակ դրել։ Ես ուզում եմ հիշեցնել, թե երկու խմբակցությունով ինչպես էիք տոնում, երբ ԼՂ-ում իշխանության փոփոխություն էր տեղի ունենում, ասում էիք, որ ԼՂ ժողովուրդը ձեռքը խփել է սեղանին ու վերջապես ազգային կառավարություն է ձևավորվում ԼՂ-ում: Դուք շնորհավորում էիք այդ փոփոխության կապակցությամբ, ասում էիք՝ եկել է ԼՂ փրկության ժամը ու, թերևս, այն, ինչ տեղի ունեցավ, ձեր ծրագրերի մեջ էր մտնում», — ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ընդդիմության պլանն այն է, որ Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ, որի արդյունքում ԼՂ մեր հայրենակիցները Երևան գալու հնարավորություն չեն ունենա:

Նա նշեց, թե ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ ուրիշ որևէ մեկը չեն որոշելու, որ ՀՀ-ում տեղի ունենա իշխանափոխություն:

«Դա որոշում է Հայաստանի ժողովուրդը, եթե ժողովուրդը որոշի` կարող է այսօր իրիկունն էլ իշխանափոխություն անել», — ասաց Նիկոլ Փաշինյանը: