Пт. Фев 23rd, 2024

ArmLur.am-ը էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորում՝ Արմեդում, ուսումնասիրելով պետպատվերների տրամադրման վայրերը, համապատասխան ախտորոշմամբ և պետպատվերի դիմելու ազատ տեղերը, նկատեց, որ հեմոդիալեզի անցկացման ծառայությունների համար նախատեսված է մեկ կայան, այն էլ՝ Երևանում։ Այս թեմայի վերաբերյալ դիմեցինք Առողջապահության նախարարություն, որտեղից մեզ տվեցին հետևյալ պատասխանը.

«Հայաստանի Հանրապետությունում քրոնիկ երիկամային անբավարարությամբ պացիենտների ծրագրային հեմոդիալիզի եղանակով բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով և հասանելի է ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում գործող` հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման տեսակի գործունեության լիցենզիա և պետական պատվերի շրջանակներում ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր ունեցող թվով 22 բժշկական հաստատությունների մասնագիտացված հեմոդիալիզի բաժանմունքներում, ընդ որում պետական պատվերի շրջանակներում հեմոդիալիզի ծառայություններ մատուցվում են մարզային թվով 14 բժշկական կազմակերպություններում, մասնավորապես. Գյումրի, Արթիկ, Վանաձոր, Ստեփանավան, Կապան, Գորիս, Արմավիր, Նոյեմբերյան, Իջևան, Վայք, Մարտունի, Գավառ, Հրազդան, Արտաշատ քաղաքներում:

Հարկ է նշել, որ անկախ տեղակայման վայրից և կազմակերպաիրավական ձևից, այն բոլոր բժշկական կազմակերպություններում, որոնք ունեն պետական պատվերի շրջանակներում ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագիր` հեմոդիալիզի ծառայությունները կազմակերպվում են առաջնորդվելով և ապահովելով Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 91-Ն հրամանով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչով սահմանված ծավալները և սկզբունքները: Ծրագրային հեմոդիալիզն ընդգրկում է բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ մասնագիտական խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, ծրագրային հեմոդիալիզի սեանսների անցկացման համար անհրաժեշտ պարագաներով՝ այդ թվում առաջին անգամ տեղադրվող կարճատև օգտագործման կենտրոնական երակի երկլուսանցքանի կատետրի տեղադրումը և դեղերով ապահովումը»:

Նյութի աղբյուր