Вт. Мар 5th, 2024

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա քաղաքապետի ընտրության հարցով Երեւանի ավագանու նիստը:

Ի՞նչ է սպասվում այդ օրը, արդյո՞ք Երեւանը վերջապես քաղաքապետ կունենա:

Ընդդիմադիր թեւից հանդես եկող «Ազգային Առաջընթաց» (Հայկ Մարության) եւ «Մայր Հայաստան» (Անդրանիկ Թեւանյան) կուսակցությունները հայտարարել են՝ չեն մասնակցելու նիստին, որպեսզի նոր արտահերթ ընտրություններ տեղի ունենան, իսկ «Հանրային ձայն»-ը հայտարարել է, որ այս իրավիճակում արտահերթ ընտրություններ չի կարող լինել:

Այսպիսով, եթե վաղը «Հանրային ձայն» կուսակցությունից անգամ մեկ հոգի գնա ավագանու նիստին, ապա քվորում կլինի եւ նիստը կայանա:

Ստացվում է այս պահին որոշում կայացնողը «Հանրային ձայն»-նն է:

Թեեւ այս ուժը վերջնական որոշման մասին չի հայտարարել, բայց ArmLur.am-ի տեղեկություններով, կա համաձայնություն, որ նրանցից մեկ հոգի պետք է ներկայանա, որպեսզի նիստի քվորումը ապահովի:

Այսպիսով, եթե նիստը կայանում է, և որպես քաղաքապետ առաջադրվում է միայն 1 թեկնածու, ապա այս դեպքում անհրաժեշտ կլինի, որ նրա օգտին քվեարկի ավագանու 40 տոկոսից ավելին։ Ավագանու նորընտիր ցանկը հաստատված, այն ունի 65 անդամ, ուստի եթե առաջադրվի միայն 1 թեկնածու, ապա 27 կողմ ձայնն անգամ բավարար կլինի՝ քաղաքապետ ընտրելու համար, իսկ ՔՊ-ն եւ «Հանրապետությունը» միասին ունեն 32 ձայն:

ArmLur.am-ի տեղեկություններով, «Հանրապետություն»-ը եւս մտադիր է թեկնածու չառաջադրել:

Այսինքն, եթե վաղը նիստը կայանա եւ քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն լինի Տիգրան Ավինյանը, ապա նա առանց խոչընդոտի կընտրվի՝ ՔՊ-ի եւ «Հանրապետության» ձայներով:

Քրիստինա Մուշեղյան

Նյութի աղբյուր