Вт. Мар 5th, 2024

Նախաքննության ավարտ է հայտարարվել Բերքաբերի սպանության դեպքով։ ArmLur.am-ին հայտնի դարձավ,որ Մհեր Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022 թվականի սեպտեմբերի 03-ին ժամը 17:30-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի հարակից տարածքում գտնվող այգում, քննությամբ չպարզված շարժառիթով, նույն այգու պահակ Վրեժ Պետրոսյանին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով բութ առարկայով նախ հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս առաջացնող, կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, ապա իր մոտ ապօրինի կերպով առանց թույլտվության պահվող 3Կ մոդելի 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրացան հանդիսացող հրազենով կրակել է Վրեժ Պետրոսյանի կրծքավանդակի ձախակողմյան հատվածին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս առաջացնող, կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ՝ինչից Վրեժ Պետրոսյանը տեղում մահացել է: Այնուհետև Մհեր Շահնազարյանը հետքերը թաքցնելու նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 03-ի լույս 04-ի գիշերը Վրեժ Պետրոսյանի դիակն իրեն պատկանող Գազ 24 մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից տարածքում գտնվող Ջողազի լճի տարածք, որտեղ դիակը կապել է նախապես իր հետ վերցրած քառակող երկաթբետոնե ձողին և մետաղական անկյունակին և նետել ջուրը

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի լճի մեջ հայտնաբերվել էր ինքնությունը չպարզված տղամարդու դիակ` մարմնական վնասվածքներով: Տեղի իրավապահների միջոցառումները փաստեցին, որ 61-ամյա Վրեժ Պետրոսյանի դին էր։ Տղամարդը սեպտեմբերի 3-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Իջևանի քրեական հետախույզները պարզել էին, որ Վրեժ Պետրոսյանը հաշվառված է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում։ Ամիսներ առաջ նա տեղափոխվել էր Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղ, որտեղ այգիներից մեկում աշխատում էր որպես պահակ։ Ճշտվեց նաև անձանց շրջանակը, որոնց հետ Վրեժ Պետրոսյանը հնարավոր շփում կարող էր ունենալ։ Բացահայտման միջոցառումներին միացան քրեական ոստիկանության գլխավոր և Տավուշի մարզային վարչության ծառայողները։ Օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների շնորհիվ իրավապահների տեսադաշտում հայտնվեց Այգեհովիտի բնակիչ 57-ամյա մի տղամարդ, որը նախկինում մի քանի անգամ դատապարվել էր։

Նախաքննական մարմնի հետ համագործակցությամբ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 17.30-ից 18-00ի սահմաններում, Այգեհովիտի բնակիչը որսորդական հրացանով կրակոց էր արձակել, ինչի հետևանքով Վրեժ Պետրոսյանը կրծքավանդակի շրջանում վնասվածք էր ստացել ու մահացել։ Այնուհետև այգեհովիտցին, հետքերը թաքցնելու նպատակով, դիակը պոլիէթիլենով փաթաթել, տեղավորել էր իր «ԳԱԶ-24»-ի բեռնախցում ու տեղափոխել Բերքաբեր բնակավայրի լիճ։ Այստեղ դին կապել էր բետոնե սյանն ու նետել լիճը: Սեպտեմբերի 8-ին Իջևանի ոստիկանները հայտնաբերել, ձերբակալել և նախաքննական մարմնին են ներկայացրել Գետահովիտի 57-ամյա բնակչին։

Նյութի աղբյուր