Пн. Май 20th, 2024

Քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ ավարտվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով բնակավայրում գործող գիշերային ակումբում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ. ապրիլի 23-ին՝ ժամը 02-00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 36-ամյա բնակիչը, մտերիմների՝ նույն համայնքի 33-ամյա բնակչի և մի խումբ անձանց հետ, գտնվելով նույն համայնքի Թաիրով բնակավայրում գործող գիշերային ակումբում, ոգելից խմիչքի ազդեցության տակ, ակումբի սրահից դուրս է հրավիրել հաճախորդներից մեկի հետ նույն սեղանի շուրջ նստած մի կնոջ, ինչին հիշյալ հաճախորդը հակադրվել է: Փարաքար համայնքի 36-ամյա բնակիչը, չհամակերպվելով նշված փաստի հետ, պարզաբանումներ պահանջելու նպատակով ակումբի նախասրահ է հրավիրել հիշյալ հաճախորդին և վերջինիս հետ գտնվող անձանց: Բացահայտ արհամարական վերաբերմունք ցույց տալով ակումբում գտնվող անձանց նկատմամբ և իր թվացյալ առավելությունն ընդգծելու նպատակով՝ 36-ամյա տղամարդը ակումբի նախասրահում անհարկի բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով, ձեռքին առկա ապակյա բաժակը հարվածել է ակումբի նախասրահի պատին ամրացված հայելուն: Հետևելով վերջինիս՝ նրա 33-ամյա ընկերը ևս ձեռքին առկա ապակյա բաժակը հարվածել է նույն հայելուն և դուրս են եկել ակումբից»,- նշվաած էր հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ դեպքի կիզակետում էր Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը. նա այս գործով անցնող մեղադրյալներից մեկն է:

Հավելենք, որ ArmLur.am-ը բազմիցս է անդրադարձել այս գործին և նշել, որ քաղաքական իշխանությունները իրավապահներին շատ անգամներ հասկացրել են, որ համայնքի ղեկավարն իրենց «սրտի պաշտոնյան» է: 

Նյութի աղբյուր