Ср. Май 29th, 2024

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը արձագանքել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի այն պնդմանը, թե ինքը միջնորդավորված բանակցել է ադրբեջանական կողմի հետ։

«Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ, հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները և գնալ բանակցությունների՝ ադրբեջանական կողմի հետ։ Ես իրեն առաջարկել եմ, որ Սամվել Բաբայանը ներկայացնի իր տեսլականը։ Ճիշտն ասած, ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր, բայց, չնայած դրան, նաև իմանալով, թե հետագա ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ խոսակցությունը, ինչպես կարող է մեկնաբանվել, ես կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ և փորձել եմ ճշտել, թե արդյոք կա՞ Արցախում այլ թեկնածու, ում հետ իրենք պատրաստ են վարել բանակցություններ, քանի որ Արցախում կային կարծիքներ, որ կարող է՝ Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն՝ որպես բանակցող։

Ադրբեջանական կողմից ստացել եմ բացասական պատասխան, և ինձ համար պարզ դարձավ, որ դա արկածախնդրություն էր»,- ասել է Սամվել Շահրամանյանը՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

Նյութի աղբյուր