Ср. Май 29th, 2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպմանը Հակոբ Արշակյանն ընդգծել է Սիրիայի հայկական համայնքի յուրահատուկ դերակատարումը՝ որպես բարեկամության աներեր կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև:

«Մեր մշտական մտահոգությունն է Սիրիայի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայերի և ազգային մյուս փոքրամասնությունների թիրախային վիճակը: Այս առումով ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Սիրիայի իշխանություններին՝ հայկական համայնքի, մեր մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար»,- կարևորել է ԱԺ փոխխոսնակը:

Անդրադառնալով միջազգային հարթակներին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը պահպանում է իր դիրքորոշումը Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված որոշումների և բանաձևերի օգտին քվեարկելու միջոցով, ինչպիսիք են՝ «Միջուկային զենքից ազատ գոտու ստեղծումը. Մերձավոր Արևելքի տարածաշրջանը», «Միջուկային զենքի տարածման ռիսկը Մերձավոր Արևելքում»:

Հակոբ Արշակյանը գնահատել է Սիրիայի աջակցությունն այն կազմակերպություններում, որոնց Հայաստանն անդամ չէ, և որոնց շրջանակներում Ադրբեջանը ջանքեր է գործադրում հակահայկական գործունեություն ծավալելու համար՝ միջազգային հանրությանը մոլորեցնող կեղծ հռետորաբանություն՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ բացասական պատկերացում տալու համար:

Անդրադարձ է կատարվել Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողություններին:

Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարն իր հերթին աջակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անընդունելի է համարել ՀՀ-ի տարածքային ամբողջականության դեմ որևէ խախտում:

Նախարարն աջակցություն է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ենթակառուցվածքների ապաշրջափակման հայկական նախաձեռնությանը՝ խստորեն մերժելով արտատարածքային միջանցքի որևէ գաղափար, որը կարող է հարցականի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Ֆեյսալ Ալ-Միկդադը նշել է, որ Սիրիան պատրաստակամ է պահել Հայաստանի Հանրապետության շահերն այն միջազգային կազմակերպություններում, որոնց Հայաստանը չի անդամակցում:

Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը:

Նյութի աղբյուր