Пн. Фев 26th, 2024

Օգոստոսի 14-ի գիշերը՝ ժամը 00։27-ի սահմանում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորների վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր։

Միկրոավտոբուսը պատկանել է «Համշեն տուր» ընկերությանը։ Ուղևորները վերադառնալիս են եղել Արևմտյան Հայաստանից։ Ողբերգական վթարի հետևանքով մահացել է 21-ամյա Հելեն Դադայանը՝ Արցախից՝ Մարտունիի շրջանի Ճարտար գյուղից։

Նա սովորում էր Եվրասիա միջազգային համալսարանում։ Արցախի շրջափակման հետևանքով ինն ամիս կտրված էր ընտանիքից։ Երևանում մնացած հարազատները պայքարում են Հելենի մարմինն Արցախ տեղափոխելու համար։ Ընտանիքն ուզում է իր մոտ հուղարկավորել Հելենին։ Հարազատներին դեռևս ասել են, որ տեղափոխումն անհնար է, կարող են այստեղ հողակտոր տալ, բայց ընտանիքը դրան չի հաշտվում։
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: