Ср. Май 29th, 2024

«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի քվեարկությունը մեկնարկում է այսօր՝ նոյեմբերի 24-ին ժամը 23:00-ից:

Հայաստանի պատվիրակներ «Yan Girls» խմբի օգտին հնարավոր է քվեարկել նաև Հայաստանից:

Քվեարկության համար անհրաժեշտ է այցելել https://vote.junioreurovision.tv/ կայք, դիտել բոլոր ելույթների նախադիտումները, անվճար քվեարկել Հայաստանը ներկայացնող «Yan Girls» խմբի և նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն` պարտադիր է ընտրել 3 երկիր):

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնում է Yan Girls-ը: Խումբ, որը բաղկացած է միմիայն աղջիկներից՝ Նանե, Նենսի, Կամիլլա, Սյուզանա և Աիդա, գեշնչված իրենց սիրելի K-pop արտիստներից՝ ցանկանում է այդ ծանոթ ձայնը բերել «Մանկական Եվրատեսիլի» բեմ և այն հասցնել բոլորովին նոր մակարդակի: Աղջիկները ներկայանում են «Do It My Way» երգով։

Աղջիկները երգում են ինքդ քեզ հավատարիմ մնալու, ինքնավստահ լինելու և ամեն ինչ անելու կարևորության մասին՝ իրենց ճանապարհով: «Do It My Way»-ի հեղինակը Տոկիոնինն է, խոսքերը գրել են Մալենան և Վահրամ Պետրոսյանները՝ նույն թիմը, որը կանգնած է JESC 2021-ի հաղթող «Qami Qami» երգի հետևում: Տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը։

Հավելենք, որ այս տարվա երաժշտական միջոցառման մասնակից երկրների ցանկում են Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիսն, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը եւ Ուկրաինան:

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսն է՝ «Հերոսներ»-ը: Պաշտոնապես հրապարակվել է նաեւ միջոցառման տարբերանշանը:

Հիշեցնենք, որ միջոցառումը 2022 թվականին տեղի ունեցավ Հայաստանում, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ «Oh Maman!» երգով:

Մ.Ղ.

Նյութի աղբյուր