Пт. Июн 14th, 2024

«Շարժման սկզբի օրվանից մասնակցել եմ մարտական գործողություններին։ Ջոկատով մասնակցել եմ նաև 2016 թվականի քառօրյա պատերազմին, այս վերջին պատերազմին։ Իմ նախաձեռնությամբ 1991 թվականին ստեղծվել է «Քաջարի» ջոկատը։ Մեր ջոկատից ընդհանուր ունեցել ենք 9 զոհ, որից 3-ը՝ վերջին պատերազմում»․ պատմում է ազատամարտիկ, X զորամասի հիմնադիր Աղաբեկ Խաչատրյանը կամ ինչպես ընկերներն են ասում՝ Բեկը։

Նրա խոսքով՝ թշնամին հասկացել է, որ հայերի հետ լեռնային կռիվ տալ պետք չէ, չեն կարող։ Բեկը պատմում է, որ իրենց ջոկատով մարտական լուրջ գործողությունների են մասնակցել, հող ազատագրել ու այդ ամենից հետո վերջին դեպքերին ականատես լինելը շատ ցավոտ է։

«90-ական թվականներին էր դեռ, 17 հոգով հավաքվեցինք՝ երդում տանք, որ ով ողջ մնա՝ գա էստեղ մի մոմ վառի։ Ցավոք, երեքս ենք ողջ մնացել, Աստված տղեքի հոգին լուսավորի։ Փառքով կարողացանք պատերազմը հպարտորեն հաղթել, ոչ թե էսօրվա պես նվերներ ստացանք, այլ՝ հաղթեցինք, ազատագրեցինք մեր պապական հողերը։ Ես զարմանում եմ, որ որոշ մարդիկ Արցախ աշխարհի պատմությունը չգիտեն։ Ի՞նչ է, էդ մարդիկ անգրագե՞տ են։ Հիմա ինչի են իրենք հայերեն խոսում, երբ չգիտեն, որ Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին հայկական տառերն Աստծո կամքով գրեց հենց Ամարասում, Ստեփանակերտի մեջտեղում»,-նշում է Բեկը։

X զորամասն առավել հայտնի է դարձել 2020 թվականի պատերազմից հետո։ Զոհված հարյուրավոր զինծառայողների անուններով հուշաքարեր, լուսանկարներ, տարբեր իրեր են տեղ գտել բաց թանգարանում։ Դրա կառուցմանն օգնում են Բեկի ընկերները, զոհված զինծառայողների ծնողները, մեկը՝ մի պարկ ավազով, մեկը՝ սոսինձով, ով ինչով կարողանա։

Թանգարանը ձորի վերնամասում է։ Տարածքում նոր շենքեր են կառուցվում։ Բեկի խոսքով՝ որոշ մարդիկ նպատակ են ունեցել քանդել, մեկը հասկացել է, որ պետք չէ, մյուսը՝ ոչ, բայց թանգարանը քանդվելու ենթակա չէ։ «Սեփականատերերը թող հասկանան, որ մի մարդ չի կարող 15 հազար մետր հող ունենա, զոհվածի թանգարանը, ընդամենը 300 քառակուստի մետր, չլինի։ Սա զոհվածների տունն է, բոլորիս տունն է։ Ամեն այցելող թող իր զորամասը հիշի, այն X-ի տեղն իր զորամասի թիվը հիշի»,-նշում է նա։

Թանգարանում իր ուրույն տեղն ունի նաև Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը․ նկարն այնպես է տեղադրվել, որ Շուշի գրվածի ուղղությամբ նայի։