Пт. Июн 14th, 2024

 

Փաշինյանի օրեր առաջ արած հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Մոսկվայում, մինչ օրս այն քննարկվում է, Փաշինյանին ծաղրում են: Փաշինյանի մամլո խոսնակը փորձեց վերջակետ դնել, հայտարարելով, թե Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ վարչապետի հայտարարությունը:
«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել», — ասել էր Մանե Գևորգյանը: Հիշեցնենք` նույն այս ձևակերպումն էր ավելի վաղ օգտագործել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը` հայտարարելով, թե ՀՀ վարչապետին մոլորության մեջ են գցել, և իրականում պատերազմի ժամանակ «Իսկանդերներ» չեն օգտագործվել:

«Ավելին՝ վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- նշել էր Փաշինյանի մամլո խոսնակը:

«Շատ կարևոր է, որ ճշմարտությունն այս հարցում վերականգնվեց», իր հերթին պատասխանեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ազդարարելով, որ Մոսկվան բավարարված է Հայաստանի պաշտոնական պարզաբանմամբ: Բայց արդյո՞ք Փաշինյանի հասցրած հարվածի նստվածքը չքվե՞ց… Իհարկե՝ ո՛չ:

Կրեմլի ամբողջական վերահսկողության տակ գտնվող դաշնային հեռուստաընկերությունները ռուսական «Իսկանդերների» մասին հայտարարությունից հետո խախտել են չեզոքությունը և մեղմ ասած` քննադատում են Հայաստանի իշխանություններին: Ռուսական դաշնային հեռուստաալիքները օրերս լրատվական ամփոփիչ ծրագրերում ծավալուն ռեպորտաժներով անդրադարձան Հայաստանում ստեղծված իրավիճակին` թե Առաջին ալիքը, թե Ռոսիա 24-ը շեշտեցին, որ հայաստանյան այսօրվա խորը ճգնաժամի հիմքում ռուսական «Իսկանդերների» մասին երկրի վարչապետի հայտարարությունն է: «Պետք է շատ տարօրինակ երևակայություն ունենալ` ասելու, թե այս հրթիռների արդյունավետությունը 10 տոկոս է: Սա ի՞նչ է նշանակում` այն թռչել է միայն 10 տոկոսո՞վ», — հեգնել էր Առաջին ՀԸ-ի մեկնաբանը` հավելելով, թե նման հայտարարությունը խորը զարմանք է առաջացնում, և խոսքը ոչ թե այն մասին է, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է առողջ մտածելակերպ ունենա, այլ այն մասին, որ պետք է գոնե տիրապետեր դպրոցում անցած մաթեմատիկա առարկային:

Նույն տրամաբանությամբ էր նաև Ռոսիա 24-ի ռեպորտաժը: Հայաստանյան ճգնաժամին անդրադարձել է նաև ռուսական մամուլը: Ռուսաստանցի լրագրողները նկատում են, որ Երևանում ընթացող թե իշխանության, թե ընդդիմության կազմակերպած փողոցային ակցիաները մարդաշատ են, և հանգուցալուծումը հնարավոր չէ այս պահին կանխատեսել:
«Կոմերսանտը», սակայն, գրել էր. «Հիմա Նիկոլ Փաշինյանը, ում ռեյտինգը փլուզվեց Լեռնային Ղարաբաղի համար պարտված պատերազմի հետո, հույս ունի, որ փողոցը կերկարաձգի իր կյանքն իշխանության և քաղաքականության մեջ: Դա կարող է աշխատել այն պայմաններում, եթե վարչապետի ընդդիմախոսները չկարողանան փողոցային զանգվածով ճնշում գործադրել նրա վրա: Ընդդիմության հանրահավաքներն առայժմ սակավաթիվ են, ուստի իշխանության համար սպառնալիք չեն ներկայացնում»:

Այսինքն, առանց այն էլ երկուսուկես տարի Փաշինյանի նկատմամբ ռուսական իշխանությունների անվստահությանը գումարվեց արդեն պատերազմի ավարտից երեք ամիս հետո նոր հարվածը:

Սխալվում են բոլոր նրանք, ովքեր համարում են, թե Փաշինյանն իսկապես չի հասկանում, որ «Իսկանդերի» հրթիռը չի կարող 10 տոկոսով պայթել, նա դիտավորյալ է սրում մթնոլորտը, դիտավորյալ է քաղաքական օրակարգ նետում թեմաներ, այն «բովանդակությամբ» է լցնում, որպեսզի շեղի հասարակությանը ավելի լուրջ խնդիրներից: Ու ինչպես տեսնում ենք՝ նա հաջողում է:

Հայ-ռուսական հերթական ինտրիգն, այսպիսով, թվացյալ հարթված է, սակայն հետևանքները դեռ պարզ չեն: Ռուսները դեռ Սերժ Սարգսյանին չեն ներել՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի բանակցություններ ունենալու համար, կարելի է չկասկածել ռուսների հիշաչարության աստիճանի վրա: Նույնիսկ Ռուսաստանի հակառակորդ պետությունների ղեկավարներն իրենց թույլ չէին տվել ռուսական զենքի արդյունավետության վերաբերյալ կասկածներ հայտնել, ու հանկարծ Փաշինյանը հայաստանյան ներքաղաքական մթնոլորտի օրակարգը փոխելու համար որոշում է Իսկանդերին «հարվածել»:

Ամեն անգամ, երբ թվում է, որ Փաշինյանը գիտակցել է Ռուսաստանի կարևորությունն այսօր Հայաստանի անվտանգության ապահովման համար, բայց պարզվում է, որ ո՛չ: Նա չի ցանկանում, որպեսզի այդ համոզումը գերիշխի Հայաստանում, և անում է հակընդդեմ քայլ՝ հարվածում է Ռուսաստանի հեղինակությանը:

Իսկ ինչո՞ւ… Դրա միակ բացատրությունը հետևյալն է՝ Փաշինյանը ուղիղ սպառնալիք է տեսնում իր իշխանությանը, եթե Ռուսաստանը Հայաստանում ամուր լինի, երբ իրապես դաշնակցային հարաբերություններ գործեն Հայաստանի և Ռուսաստանի միջև:

Մետաքսյա Շալունց hayeli.am