Ср. Май 29th, 2024

«Ես աջ ղեկով մեքենա եմ ներմուծել, հիմա ասում են, որ դրա ներմուծումը 2018 թվականից արգելվել է։ Եթե չէր կարելի, թող թույլ չտային ներմուծել»։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Կառավարության դիմաց վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարորդների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Մենք իրենց սիրուն աչքերի համար չէ, որ վրացական համարանիշերով ենք բերել։ Ինձ համար ավելի հաճելի է, որ հայկական համարներով լինի, ես իմ հայկական գույքի վճարները անեմ։ Հիմա իմ ընտանիքը պահելու համար ես դուրս եմ գալիս «Յանդեքս» քշելու։ Գնացել, հասել եմ Գյումրի, որ մաքսազերծեմ, ինձ ասում են՝ քոնը աջ ղեկ ա, չես կարա։ Բա ինչո՞ւ եք թողել, որ բերենք։ Ինձ ասում են՝ Հայաստանում ռուլդ փոխիր, բեր։ Իմ մեքենան էնպիսի մեքենա է, որ չեմ կարող փոխել։ Ես որ փոխեմ, իմ ընտանիքի հետ մի բան պատահի, կառավարությունը պատասխա՞ն ա տալու դրա համար»,-նշեց վարորդը:

Հիշեցնենք, որ նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդունված նոր օրենքի դեմ, ըստ որի, մինչև հունվարի 1-ը պետք է իրենց ավտոմեքենաները կա՛մ մաքսազերծեն, կա՛մ Հայաստանից դուրս հանեն։

Նրանք պահանջում են, որ նախ վերանայեն մաքսազերծման տոկոսները և 30 տոկոսից դարձնեն 10 տոկոս, երկրորդ՝ աջ ղեկով մեքենաների մասով զիջումներ անեն, որպեսզի կարողանան այդպես մաքսազերծել, քանի որ կան աջ ղեկով մեքենաներ, որոնց ղեկը չի կարող փոխվել աջից ձախ, երրորդ՝ երկարացնեն ժամանակահատվածը՝ գոնե 6 ամիս ժամկետով։

Նշենք, որ կառավարության նախորդ նիստում որոշում ընդունվեց, որ վրացական համարանիշներով մեքենաները պետք է մաքսազերծվեն եւ դրա համար պետությունը որոշակի չափով սուբսիդավորում է: Մասնավորապես, մինչեւ 5 տարի տարիք ունեցող մեքենաների համար պետությունը սուբսիդավորում է մաքսատուրքի 30 տոկոսը, իսկ 5 տարի եւ ավելի տարիք ունեցող մեքենաների համար՝ 70 տոկոսը: Մեքենաների սեփականատերերը կվճարեն մաքսատուրքի 30 տոկոսը:

Նյութի աղբյուր