Ср. Май 29th, 2024

Երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր » կուսակցության վարչության որոշմամբ՝ երկու անդամ հեռացվել են կուսակցությունից:

ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանն ասաց, որ հեռացման պատճառը կարգապահական բնույթի խախտումներն են եղել.

«Պատճառը կարգապահական խախտումներն են եղել, մնացածը քննարկվել է անձնական տվյալներից ելնելով, մարդկանց անձնական գաղտնիությունից ելնելով, կուսակցության կանոնադրությանը և ծրագրին չհամապատասխանող գործողություններ են կատարել »,-ասաց Պապոյանը:

Կուսակցությունից հեռացված Սարգիս Ալեքսանյանն էլ ասաց, որ մամուլից է տեղեկացել իր հեռացման մասին. «Մամուլից եմ տեղեկացել, քաղաքում չեմ, չեմ կարող մեկնաբանել»,-ասաց նա:

Իսկ ինչո՞վ է հայտնի ՔՊ-ից հեռացված Սարգիս Ալեքսանյանը:
Նա ՔՊ կուսակցության ակտիվ անդամ է, որը մտերիմ է և հաճախ է լուսանկարներ հրապարակում ՔՊ վերնախավի հետ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ:
Սարգիս Ալեքսանյանը 2019թ-ին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած դատարանների մուտքերը փակելու ակցիային: ՔՊ-ականը հրել և գցել էր դատավորներից մեկին և անպատիժ էր մնացել:

Սարգիս Ալեքսանյանը 2021թ-ին սոցցանցի իր էջում հայհոյել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին՝ լրագրողին աջակցություն ցուցաբերելու համար և կրկին չէր պատժվել:

Հավանաբար հիմա, տարիներ անց, Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել անգամ իր թիմակիցներին՝ անթույլատրելի վարքի համար:
ՔՊ կուսակցությունից հեռացված մյուս անդամը՝ Արտուշ Եղիազարյանը, Երևանի ավագանու վերջին ընտրություններում ընդգրկված է եղել ՔՊ ցուցակում:
Վերջինիս հետ կապ հաստատել դեռ չի հաջողվել:

Քրիստինա Մուշեղյան

Նյութի աղբյուր