Ср. Май 29th, 2024

Վերջին օրերին Արագածոտնի և Արմավիրի մարզերի տարբեր բնակավայրերում արձանագրվեցին մեքենայի գողություններ, ընդ որում՝ թիրախը բացառապես «ՎԱԶ» մակնիշի մեքենաներն էին։

Այսպես, նոյեմբերի 28-ի գիշերը Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքից գողացել էին «ՎԱԶ-2106» մակնիշի մի ավտոմեքենա:
Դեկտեմբերի 8-ի գիշերը գաղտնի հափշտակել էին Երևան-Աշտարակ ճանապարհի 20-րդ կմ հատվածում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մի ավտոմեքենա և դրա կողքին կայանված, նույն տիրոջը պատկանող «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը:
Դեկտեմբերի 9-ի գիշերը նույն եղանակով՝ երկաթյա դռան փականը սղոցով վնասելով, մտել էին Սիփան գյուղի երկու ավտոտնակ. մեկից գողացել էին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան՝ տիրոջը պատճառելով մեկուկես միլիոն դրամի վնաս, մյուսից՝ տարել էին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցն ու նվագարկիչը։
Դեկտեմբերի 11-ի առավոտյան, ժամը 5.30-ի սահմաններում, Կարբի համայնքի սուպերմարկետի մոտից հափշտակել էին «ՎԱԶ-2121» մակնիշի մի ավտոմեքենա։ Դեկտեմբերի 13-ի գիշերը Զվարթնոց թաղամասի մի շենքի բակից հափշտակել էին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա:
Այս բոլոր փաստերի առթիվ Արագածոտնի և Արմավիրի մարզային քննչական վարչություններում նախաձեռնվել էին քրեական վարույթներ, իրականացվել համապատասխան գործողություններ։

Եվ ահա, դեկտեմբերի 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ, ստացան օպերատիվ տեղեկություն։ Այն իրացնելիս հիմնավորվեց, որ վերոհիշյալ հափշտակությունները կատարել են Վանաձորի բնակիչ՝ 33-ամյա, Սպիտակի բնակիչ՝ 20-ամյա, Լոռու մարզի Արևաշող գյուղի բնակիչ՝ 28-ամյա և Երևանի բնակիչ՝ 22-ամյա երիտասարդներ։ Պարզվեց նաև, որ նրանք գողացած մեքենաներից մեկը տեղափոխել էին Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի ավտոլվացման կետի հարակից տարածք, ևս երկուսը թաքցրել էին նույն գյուղի գերեզմանատան մոտ և գյուղի վարչական տարածքի ձորակում, իսկ մի ավտոմեքենա էլ մասնատել էին, որի պահեստամասերը թաքցրել էին Բարձրաշենի Մաշտոցի փողոցի տներից մեկում:
Նույն օրը, ժամը 18.30-ին, ոստիկանության Արագածոտնի և Արմավիրի մարզային վարչությունների աշխատակիցների հետ համագործակցված միջոցառումների արդյունքում Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի վարչական տարածքի ձորում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխվեց Արևաշողի 28-ամյա մի բնակիչ։ Րոպեներ անց նույն գյուղի Մաշտոցի փողոցում ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց նաև վանաձորցին։

Երկուսն էլ ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, հարցաքննվել և ձերբակալվել են: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մյուս երկուսին հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Նյութի աղբյուր