Пн. Май 20th, 2024

Անցյալ տարվանից մենք կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգ ընդունեցինք, և այդ համակարգի ներդրման պահից կենսաթոշակից արվող անկանխիկ առևտրից հետվճար էր իրականացվում թոշակառուներին: Այդ որոշումը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա ներկայացրեց դրան առնչվող ևս մեկ որոշում, որն ընդգրկված է Կառավարության՝ դեկտեմբերի 28-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում:

«2023 թվականի նոյեմբերի տվյալների համաձայն՝ նախորդ տարվա հուլիսից, այսինքն՝ [նախկին որոշման] ներդրման պահից մինչև այս պահը, 62 միլիարդ դրամի անկանխիկ առևտուր են իրականացրել կենսաթոշակառուները, ընդ որում՝ ներդրման պահից մինչև օրս 5,2 միլիարդ դրամ վերադարձվել է կենսաթոշակառուներին: Մենք ամեն ամսվա հետ տեսնում ենք, որ անկանխիկ առևտրի ծավալները մեծանում են:

Այսօրվա որոշման էությունը հետևյալն է, որ նախկինում 5 տոկոսը վճարում էին բանկերը, 5 տոկոսը վճարում էր Կառավարությունը, և, ըստ էության, այս համակարգից օգտվում էին այն կենսաթոշակառուները, որոնց սպասարկող բանկերը միացել էին համակարգին»,- ասաց վարչապետը տեղեկացրեց, որ քննարկման արդյունքում եկել են այն որոշման, որ հունվարի 1-ից 10 տոկոսը կվճարվի պետական բյուջեից:

«Սա մեզ հնարավորություն կտա, որ թոշակառուներին բանկից բանկ չուղարկենք, ասենք՝ եթե այս բանկը չի մասնակցում, գնացեք, ուրիշ բանկի հետ աշխատեք:

Իհարկե, անհասկանալի է նաև այն բանկերի գործելակերպը, որոնք չմիացան կամ ուշ միացան, բայց դա առանձին թեմա է, և մենք այդ խնդիրներին առանձին կանդրադառնանք:

Այս պահին հետևյալ արձանագրումն եմ ուզում անել. հունվարի 1-ից ամբողջը վճարելու է պետական բյուջեն, նպաստառուներինը՝ նույնպես, այսինքն՝ բոլոր թոշակառուները և նպաստառուներն անկանխիկ առևտրի դեպքում հետվճար ստանալու են»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ իր հանձնարարականներից մեկով պետք է հանրապետության տարբեր բնակավայրերում տեղադրվեին պոստտերմինալներ, ապա արձանագրեց, որ արդեն իսկ 1000 պոստտերմինալ է տեղադրվել, բայց դրանցով գործարք չի արվել:

Վարչապետի մյուս արձանագրումն այն էր, որ միայն այս տարվա նոյեմբերին 7 միլիարդ դրամի անկանխիկ առևտուր է եղել, բայց, մյուս կողմից, ավելի քան 500 հազար անկանխիկ թոշակ ստացող քաղաքացիներից 164-165 հազարն է այս պահին մասնակցում գործընթացին, մեծամասնությունը ինչ-որ պատճառով չի մասնակցում: Ուստի վարչապետը մտահոգություն հայտնեց, որ որոշման մասով հանրային իրազեկման խնդիր կա, ապա հանձնարարեց ԱՍՀ նախարարին զբաղվել հարցով:

Նարեկ Մկրտչյանը խոստացավ հունվարից զբաղվել իրազեկմամբ, Փաշինյանը հանձնարարեց՝ այսօրվանից սկսել:

Նյութի աղբյուր