Ср. Май 29th, 2024

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտի շուրջ խմորումները չեն հանդարտվում:
Հիշեցենք, որ Գլխավոր դատախազությունը պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով 2023թ. մայիսի 2-ին որոշում էր կայացրել ֆիզկուլտինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել պաշտոնավարման կասեցումը:

Ավելի ուշ՝ ամռանը, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Դավիթ Խիթարյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է, և նա վերականգնվել է իր պաշտոնում:
Սեպտեմբերի 19-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Խիթարյանի լիազորությունների ժամանակավոր կասեցման որոշումը վերացվել էր:
Չնայած դատարանի որոշմանը՝ Ֆիզկուլտինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը:

Այս առիթով ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել Դավիթ Խիթարյանին:

-Պարո՛ն Խիթարյան, դատարանի որոշմամբ ձեր լիազորությունների ժամանակավոր կասեցման որոշումը վերացվել էր, բայց ձեր փոխարեն ռեկտորի ԺՊ է նշանակվել այլ մարդ՝ Տիգրան Սիմոնյանը: Ինչու՞, ի՞նչ է կատարվում համալսարանում:

-Այո, իհարկե, ես վերականգնվել եմ 2023 թ․-ի սեպտեմբերի 19-ից, որոշումը ստացել եմ սեպտեմբերի 28-ին։ Հոկտեմբերի 2-ին հանձնման ընդունման ակտով նստել եմ պաշտոնի։ Նոր ԺՊ նշանակելը նոր զարգացում է, նախորդ իրադարձությունների հետ կապ չունի:

-Խնդրում եմ մանրամասնել՝ ի՞նչ նոր զարգացումների մասին է խոսքը:

-Դեկտեմբերի 28-ին հոգաբարձուների խորհրդի նիստին խորհրդի անդամ Գոհար Մամիկոնյանն առաջարկեց անվստահություն հայտնել ռեկտորին, որը 12 կողմ ձայնով հաստատվեց։

-Ինչու՞:

-Քանի որ դատական կարգով բողոքարկելու եմ իրենց որոշումը, ես չեի ուզենա այս փուլում մանրամասնել։

-Ե՞րբ եք պատրաստվում բողոքարկել:

– Հիմա այդ պրոցեսի մեջ եմ, օրենքով սահմանված ժամկետներում:

Քրիստինա Մուշեղյան

Նյութի աղբյուր